Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակի վերաբերաբերյալ ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը դիմել է Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը, որպեսզի կառույցն արձագանքի ստեղծված իրավիճակին և համապատասխան գնահատական տա, Aysor.am-ին տեղեկացրել է ԱՆ մամուլի խոսնակ Հռիփսիմե Խաչատրյանը։
«Իրավիճակի նման զարգացման պահից ի վեր՝ առողջապահության նախարարությունն արագ արձագանքել է. մասնավորապես, Անահիտ Ավանեսյանը Թվիթերի իր միկրոբլոգում միջազգային գործընկերներին տեղեկացրել է իրավիճակի մասին», – ասաց Հռիփսիմե Խաչատրյանը։
«Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի փակման հետևանքով Լեռնային Ղարաբաղի հայերը կանգնած են առողջապահական և հումանիտար ճգնաժամի առաջ։ Անհետաձգելի բժշկական կարիքներ ունեցող մարդիկ չեն կարող տեղափոխվել Երևան, բնակչությանը դեղորայք և մարդասիրական օգնություն չի հասցվում», – գրել է առողջապահության նախարար Ավանեսյանը։