Հայոց ցեղասպանությունից 108 տարի անց էլ որևէ հիմք չկա պնդելու, որ Թուրքիան վերջ կդնի իր ժխտողական քաղաքականությանը. ավելին, այդ ժխտողականությունը տարեցտարի ավելի մարտնչող և ագրեսիվ է դառնում, Azg.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց թուրքագետ Հակոբ Չաքրյանը։
«Թուրքերը ժողովուրդների փոխվստահության մասին են խոսում, բայց ինչու և ինչպես կարող է հայ ժողովուրդը վստահել թուրքերին։ Այդ նույն թուրքերը եկան, մասնակցեցին 44-օրյա պատերազմին, դրանից զատ՝ Սիրիայից ահաբեկիչ վարձկաններ ներգրավեցին։
Նման իրավիճակում փոխվստահության, ժխտողականության վերացման մասին խոսելն ուղղակի անիմաստ է»,- ասաց մեր զրուցակիցը։
Հայոբ Չաքրյանի համոզմամբ՝ Թուրքիայում չկա քաղաքական որևէ ուժ, որն, իշխանության գալով, Ցեղասպանության ճանաչման հարցում հանդես կգա ավելի կառուցողական դիրքերից, քան Էրդողանի իշխանությունը։
«Չկա թուրքական որևէ կուսակցություն, որը քիչ թե շատ անաչառ կմոտենա Հայոց ցեղասպանության հարցին։ Թերևս միայն քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը փորձի ինչ-որ բան անել։ Բայց այդ դեպքում էլ այլ հարցեր կծագեն, որովհետև այժմ Արևմտյան Հայաստանի տարածքները բավականաչափ քրդացած են և քրդաբնակ։
Ընդ որում՝ քրդական որոշ շրջանակների կողմից միտումներ կան յուրացնելու պատմությունը և հայկական տարածքները՝ սկսած հայկական տեղանունները փոփոխելուց»,- ասաց թուրքագետը։
Վերջում մեր զրուցակիցը շեշտեց, որ ակնհայտ է մեկ բան՝ ժողովուրդների միջև փոխվստահության հաստատումից և հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումից առաջ Թուրքիան պետք է բացի փակ սահմանը, ոչ թե ի օգուտ Ադրբեջանի՝ Հայաստանից այսպես ասած «Զանգեզուրի միջանցք» պահանջի։
Հիշեցնենք, որ այսօր՝ ապրիլի 24-ին, ամբողջ աշխարհի հայությունը ոգեկոչում է Հայոց Ցեղասպանության 1.5 միլիոն նահատակների հիշատակը։