Կրթության փորձագետ Ատոմ Մխիթարյանը մտահոգիչ է համարում, որ 2024/2025 ուստարվա ընդունելության միասնական քննությունների արդյունքներով թափուր են մնացել ավելի քան 6300 վճարովի և 271 պետական պատվերով տեղեր։
Ստեղծված պատկերը նա երկու գործոնով է պայմանավորում։
«Այստեղ երկու հիմնական պատճառ եմ տեսնում։ Առաջինը մեր դիմորդների շատ ցածր գիտելիքներն են։ Սա գալիս է հանրակրթության ոլորտում անընդհատ կատարվող «բարեփոխումներից», որոնք բացասաբար են ազդում նոր սերնդի կրթության մակարդակի վրա, այսինքն՝ կրթության որակն էապես ընկել է։ Եվ չնայած լավագույն շրջանավարտներն են ընդունվում բարձրագույն ուսումնական հաստատություններ, այնուամենայնիվ ստացվում է, որ նույնիսկ այդ լավագույնների զգալի մասը չի կարողանում անցողիկ նվազագույն շեմը հաղթահարել և ընդունվել բուհ»,- Azg.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց կրթության փորձագետը։
Բուհերի վճարովի և անվճար տեղերի՝ թափուր մնալու երկրորդ պատճառ Ատոմ Մխիթարյանը նշեց ընդունելության քննությունների մեխանիզմը։
«Այդ մեխանիզմը վերջին շրջանում փոխվեց և անընդհատ բերեց վատ հետևանքների։ Խնդիրը հետևյալն է. մեր շրջանավարտները դիմում են մեկ բուհ՝ մեկ մասնագիտության համար, և կարող է բարձր վարկանիշ ունեցող բուհեր և մասնագիտություններ շատ շրջանավարտներ դիմեն, բայց նրանք մրցույթից դուրս մնան և միաժամանակ զրկվեն ուսանող լինելու իրավունքից։
Սա էական խնդիր է, մինչդեռ նախկինում հիշում ենք՝ ինչպես էին բուհ ընդունվում. կարելի էր նույն մասնգիտությամբ տարբեր բուհեր դիմել կամ նշել նույն բուհի տարբեր մասնագիտություններ։ Եթե դիմորդն առաջին տեղից դուրս էր մնում, կարող էր ընտրել՝ գնալ կամ չգնալ մյուս մասնագիտության համար։
Սա հնարավորություն էր տալիս մեր լավագույն դիմորդներին որոշել և գնալ ուրիշ բուհ կամ ուրիշ մասնագիտություն ընտրել, դառնալ ուսանող։ Շատերը հենց այդպես էլ արել են»,- ասաց Ատոմ Մխիթարյանը։
Կրթության փորձագետն ափսոսանք հայտնեց, որ այժմ նման հնարավորություն չկա՝ միաժամանակ շեշտելով՝ այնպես չէ, որ շրջանավարտները դպրոցն ավարտելու պահին հստակ կողմնորոշված են և գիտեն, թե կոնկրետ ինչ մասնագետ են ուզում դառնալ։
«Մինչդեռ շատ կարևոր է մտավորականներ, լավ քաղաքացիներ պատրաստել և թույլ տալ, որ դիմորդներն իրենք ընտրություն կատարեն։ Ցավոք սրտի՝ ընդունելության քննությունների գործող մեխանիզմը դրան չի նպաստում, և դիմորդները լավագույն դեպքում պետք է սպասեն մեկ տարի և հաջորդ տարի կրկին դիմեն։ Բայց շատ շրջանավարտներ այդ պարագայում դիմում են միջպետական կամ մասնավոր այլ բուհեր կամ մեկնում են արտերկիր։ Արդյունքում հայաստանյան բուհերի թափուր տեղերն ավելանում են։
Իհարկե, այդ տեղերը տարեցտարի կրճատվում են, բայց միևնույնն է՝ թափուր տեղերն էլի մնում են և շատ-շատ են մնում։
Սա իսկապես անհանդուրժելի է, և ցավոք սրտի՝ոչ մի բան չի արվում՝ շտկելու ստեղծված պատկերը. նախորդ տարիների համեմատ՝ նույն իրավիճակն է։ Լիազոր մարմինը հետևություններ չի անում, ինչը նշանակում է, որ կոմպետենտության մակարդակը չի բավարարում՝ համապատասխան փոփոխություններ անելու։ Կամ գուցե քաղաքական կամք չկա, կամ կարող է չեն հասկանում»,- ամփոփեց Ատոմ Մխիթարյանը։