Azg.am-ի զրուցակիցն է կրթության փորձագետ, ԳԱԱ ԳԿՄԿ դեկան Ատոմ Մխիթարյանը։
-Պարո՛ն Մխիթարյան, ուսուցիչները այսօր Կառավարության շենքի մոտ բողոքի ակցիա են կազմակերպել ՝ պահանջելով կա՛մ թեթևացնել իրենց ծանրաբեռնվածությունը, կա՛մ ատեստավորման թեստերը կազմել այնպես, որպեսզի մեծամասնությունը կարողանա հաղթահարել այն: Արդյոք ատեստավորումը ուսուցիչների մասնագիտական ունակությունները ստուգելու լավագույն եղանակն է։
-Դրա պատասխանը հետևյալն է. ոչ միայն լավագույն եղանակը չէ, այլև ընդհանրապես եղանակ չէ։ Ատեստավորման ընթացքում, ըստ էության, ստուգվում են ուսուցիչների դպրոցական կամ բուհական գիտելիքները, այն էլ՝օրինակ «Ֆիզիկա» առարկայի պարագայում՝ այս կամ այն խնդիրը կարո՞ղ է լուծել, այս կանոնը գիտի՞, թե չգիտի։ Ընդամենը սա է ստուգվում, և դա որևէ առնչություն չունի ուսուցիչ լինելու հետ։
Օրինակ՝ կարող է լինել շատ լավ գիտնական, իմանալ ամբողջ կուրսը, գիտությունների դոկտոր լինել, բայց չունենա այն հմտություններն ու կարողությունները, որ ունակ լինի այդ գիտելիքները փոխանցել մատաղ սերնդին։ Մինչդեռ դա է ուսուցչի առաքելությունը՝ գիտելիքի և երեխաների միջև կամուրջ հանդիսանալը։
Ցավոք սրտի, ատեստավորումն այս հարցը չի լուծում, և պարզ է, որ ուսուցիչների՝ վաղուց ունեցած դժգոհությունը այժմ ավելի արտահայտիչ է դարձել և շատ տեղին է։
-Այսինքն՝ ատեստավորման գործընթացում պետությունը սխալ ելակետ է վերցրել։
-Այո՛, ատեստավորումը բնավ կապ չունի ուսուցչին ստուգելու հետ։ Դա ձևական, արհեսատական մի բան է։ Շատ ուսուցիչներ, եթե անգամ հաղթահարում են ատեստավորումը, դա նրանց ոչ մի բան չի տալիս, որովհետև այդ մարդիկ հաջորդ օրը մտնում են դասարան և դասը պարապում նույն կերպ, ինչ ատեստավորումից առաջ։ Ատեստավորում անցնելը որևէ ազդեցություն չի ունենում ուուսցչի պահվածքի և վարվելակերպի վրա։
Այնինչ ամբողջ աշխարհում ընդունված է ուսուցիչների վերապարտաստումների, փորձի փոխանակման, հետազոտական աշխատանքների, ինքնակատարելագործման պրակտիկան և ոչ թե սթրեսով քննություն հանձնելու մեթոդը։
-Երեկ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը խորհրդարանում հայտարարեց, որ այս պահին ունենք 400 հազար դրամ և ավելի աշխատավարձ ստացող մի քանի տասնյակ ուսուցիչ։ Արդյոք այս ցուցանիշը բավարար է՝ դատելու ատեստավորման նոր կարգի արդյունավետության մասին։
-Տեսե՛ք, մենք գարնանը հարցում էինք կատարել, թե քանի ուսուցիչ է 400 հազար և ավելի աշխատավարձ ստանում։ Այն ժամանակ ստացել էինք պաշտոնական պատասխան, որ ընդամենը՝ 4։ Հիմա գուցե նրանց թիվն ավելացել է՝ դառնալով 10-15, բայց եթե դա համեմատենք ուսուցիչների ընդհանուր թվի հետ՝ շուրջ 40 հազար ամբողջ հանրապետության տարածքում, դա 0,1 տոկոս էլ չի կազմում։
Ես կիսում եմ ուսուցիչների կարծիքը, որ ներկայիս ցածր աշխատավարձը և առկա ծանրաբեռնվածությունն ընդհանրապես անհամապատասխան են։ Այն ժամանակ, երբ ուսուցչի միջին աշխատավարձը կլինի 400 հազար դրամ, և դրանից հետո հնարավոր լինի ինչ-որ ձևով ավելի բարձր աշխատավարձ ստանալ, խնդրեմ։ Բայց ուսուցչին տալ գրոշներ և նրան այսչափ ծանրաբեռնել, արդար չէ։
Ուսուցչի ժամանակը խլում են, և նա իր վրա աշխատելու փոխարեն մեխանիկական աշխատանք է կատարում և ժամանակ կորցնում։
-Այսինքն, պարոն Մխիթարյան, նաև էլեկտրոնային մատյանները չեղարկելու կողմնակից եք։
-Այո՛, այո՛։ Դա պետք է լինի այլընտրանք, մարդկանց հետաքրքրությունը շարժող ինչ-որ բան և ոչ թե պարտադիր։
-Ըստ վիճակագրության՝ կամավոր ատեստավորման մեկնարկից երկու տարի անց ուսուցիչների միայն 5.5 տոկոսն է հաղթահարել քննությունը։ Ձեր կարծիքով՝ ինչի՞ մասին է սա խոսում։
-Այո՛, սա նշանակում է, որ սա ձախողված նախագիծ է, որը պետք է անմիջապես կանգնեցնել, որովհետև լավագույն դեպքում ուսուցիչների առավելագույնը 10 տոկոսն է դիմել՝ մասնակցելու կամավոր ատեստավորմանը։ Այդ 10 տոկոսից շատերն էլ ուղղակի չեն գնում թեստավորմանը, մյուս մասն էլ պարզապես չի հաղթահարում։ Ատեստավորման ծրագրին մասնակցությունը, փաստորեն հակառակ ազդեցությունն է ունենում մանկավարժի հեղինակության վրա։ Սա է պատճառը, որ շատերը չեն ցանկանում մասնակցել ատեստավորմանը, մինչդեռ պետությունը շարունակում է ստիպել։
Սա նշանակում է վարչահրամայական մեթոդներ օգտագործել, չեմ վարանի ասել՝ ուսուցիչներին տեռորի ենթարկել՝ հանուն ոչ մի բանի։
-Պարո՛ն Մխիթարյան, ատեստավորումն ուսուցիչներին հնարավորություն է տալիս զգալիորեն բարձրացնել աշխատավարձը, բայց մանկավարժների ճնշող մեծամասնությանն այս հանգամանքը փաստացի չի գրավում։ Ինչո՞ւ։
-Ուսուցիչների վրա ազդող տարբեր գործոններ կան՝ խուսափելու մասնակցել ատեստավորման գործընթացին։ Այդ գործոններից ամենակարևորներից մեկն այն է, որ ուսուցիչները գիտակցում են՝ ատեստավորումը ձախողելուց հետ կարող են պարտադիր ատեստավորման ուղարկվել, երկրորդ փորձը ևս ձախողելու դեպքում՝ կորցնել աշխատանքը։ Մյուս կողմից ուսուցիչները չեն ուզում կորցնելիրենց հեղինակությունը, զրոյացնել այն։ Բնական է, որ մանավանդ գյուղական բնակավայրերի ուսուցիչները կենցաղային ծանրաբեռնվածության ֆոնին չեն կարող այնպես պարապել, որ գերազանցիկի նման հանձնեն ատեստավորման քննությունը։
Իսկ փոխարենը մի դեպքում նրանք կորցնում են իրենց աշխատանքը, մյուս դեպքում էլ, եթե անգամ չեն կորցնում, վտանգ կա, որ կկորցնեն իրենց հեղինակությունը։ Իսկ ոչ ոք չի ուզում առանց այդ էլ քիչ մնացած հեղինակությունը կորցնել՝ հանուն մի քանի դրամ ավելի աշխատավարձ ստանալու։
Եվս մեկ խնդիր. շատ ուսուցիչների կարծիքով՝ ատեստավորման թեստերը խիստ սուբյեկտիվ են կազմված։ Ես դեպքեր գիտեմ, երբ բազմամյա փորձ ունեցող, հետազոտական աշխատանքներ իրականացրած ուսուցիչը չի կարողացել հաղթահարել ատեստավորումը, որովհետև թեստն իսկապես շատ սուբյեկտիվ է եղել։ Այսինքն՝ այնպես չէ, որ հարցերն արդար են կազմված, և բոլորը գիտեն, թե ինչ հարցեր պետք է լինեն թեստերում։ Ինֆորմացիան, ըստ էության, գաղտնի է պահվում, և շատերի մոտ նաև այն մտավախությունը կա, որ դա արվում է ուսուցիչների ձևական մասնակցության համար։ Որպեսզի մարդիկ չհաղթահարեն թեստերը, և ասվի, որ նրանք պետք է հեռանան, որովհետև կրթական համակարգի որակը վատն է, քանի որ ուսուցիչների մակարդակը ցածր է։
Ատեստավորման թեստերի՝ նախօրոք չհրապարակվելը խոսում է այն մասին, որ այստեղ թաքնված խութեր կան։



