Azg.am-ի զրուցակիցն է «Դավիդյանց» լաբորատորիաների տնօրեն, առողջապահության կազմակերպիչ Աշոտ Դավիդյանցը։
-Պարոն Դավիդյանց, ՀՀ կառավարությունն օրերս հաստատեց առողջապահության պարտադիր ապահովագրության համակարգի հայեցակարգը։ Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հայտարարեց, որ համակարգը լիարժեք կգործի 2027 թվականից։ Ի՞նչ հնարավոր ռիսկեր եք տեսնում գործընթացի՝ պարտադիր լինելու մեջ։
-Սա միանշանակ հիանալի հասկացողություն է, և առկա ռիսկերը հիմնականում այնքանով են, որքանով նոր ծրագիր է ներդրվում՝ մանավանդ այն երկրներում, որտեղ երբևիցե նմանօրինակ բան չի եղել, այսինքն՝ առողջության ապահովագրությունը եղել է մասնավոր հիմունքների վրա։ Պարտադիր ապահովագրությունը, կրկնում եմ, իրենով բավականին լուրջ և լավ հասկացողություն է։
-Ինչո՞վ է հատկապես հիանալի, մանրամասնեք խնդրում եմ։
-Մինչև 2027 թվականն ամեն ինչ նախապատրաստվելու է։ Եվրոպական երկրները նույն սկզբունքով են աշխատում, այսինքն՝ բոլոր քաղաքացիներն ունենալու են հավասարաչափ հնարավորություն՝ ստանալ առողջապահական ծառայություններ, որոնք հիմա ստանում են գումարի դիմաց։ Իհարկե, հիմա կա պետպատվերի հասկացողությունը, բայց այն ամեն մեկին բաժին չի հասնում։ Պարտադիր ապահովագրության պարագայում ավելորդ բժշկական նշանակումներ չեն լինելու, ամեն ինչ լինելու է խիստ ցուցմամբ։
-Պարոն Դավիդյանց, Ձեր կարծիքով՝ գործընթացն ավելի սահուն չէ՞ր լինի, եթե պետությունն սկզբում ներդներ առողջության կամավոր ապահովագրության համակարգը՝ ավելի ուշ միայն անցում կատարելով պարտադիր հայեցակարգին։
-Կարելի էր, բայց ամեն ինչ մի օր պետք է սկսվի։ Նախկինում, օրինակ, մարդիկ տպել են գրամեքենաներով, իսկ հետո եղել են համակարգիչները, որոնք ավելի բարդ են՝ մկնիկ, ստեղնաշար և այլն։ Մարդիկ սկսել են դրանցով աշխատել, որովհետև ամեն ինչ մի օր պետք է սկսվի։ Սա մի օր պետք է մտներ Հայաստան, փառք ու պատիվ պետությանը։
Առողջության պարտադիր ապահովագրությունը մարդկանց զերծ է պահելու «Հիմա գումար չկա, երբ որ կլինի, կգնանք, կհետազոտվենք», «Վճարեք, որ այսինչ հետազոտությունն անցնեք» մտքերից։ Համակարգի ներդրումից հետո քաղաքացին վճարելու է զուտ իր կոմֆորտի՝ լյուքս դասի պալատի կամ հիվանդանոցային առաջնակարգ սննդի համար։
-Կարո՞ղ եք ներկայացնել առողջության պարտադիր ապահովագրման դասական եվրոպական մոդելի օրինակը։ Որքա՞ն հաջող կարող է այն տեղայնացվել Հայաստանում։
-Դժվարանում եմ ասել, ես բժշկական ֆինանսիստ չեմ, սակայն Եվրոպայում գոյություն ունի մի այսպիսի ասացվածք՝ «Հարուստները վճարում են աղքատների համար», այսինքն՝ մեկի աշխատավարձը շատ բարձր է, պետությունն իրենից շատ տոկոսներ է գանձում, քան աղքատներից, բայց երկու խմբի մարդիկ էլ ունեն նույն հնարավորությունները, օգտվում են նույն որակի բժշկական ծառայություններից։ Հայաստանում մինչև 2027 թվականը պետք է ստեղծվի հզոր բազա, որպեսզի մեզ մոտ ևս ամեն ինչ սահուն կազմակերպվի։
Տեսեք՝ այժմ ինչքան լավ է աշխատում ԱՊՊԱ համակարգը։ Սկզբում դժվար էր, հասարակական աղմուկ բարձրացավ, բայց հիմա ամեն ինչ հունի մեջ է ընկել, իդեալական կերպով է ընթանում։ Առողջության պարտադիր ապահովագրությունն էլ այսպես պետք է լինի։
-Պարտադիր ապահովագրության պարագայում ի՞նչ կետեր կան, որոնցով քաղաքացին կարող է տուժել, իսկ ահա պետությունը կամ մասնավոր սեկտորը՝ շարքային քաղաքացուց միջոցներ կորզել։
– Մի փոքր դժվար է ասել։ Իհարկե, նոր ներդրվող բոլոր ծրագրերում փորձում ենք հնարավոր վտանգներ տեսնել։ Անկասկած, թեորիապես ռիսկեր կարող են լինել, բայց ամեն ինչ ժամանակի հետ պետք է հարթվի, քաղաքացին պետք է դիմի և որակյալ բժշկական ծառայություններ ստանա։
Այս համակարգում հավասարապես շահում են բոլոր կողմերը. բժշկական հիմնարկները չեն մտածելու՝ ինչպես կազմակերպել իրենց մարքեթինգային հարցերը կամ որակի հաշվին հնարավորինս շատ պացիենտներ ունենալ։ Պետությունն իր հերթին հանգիստ է լինելու, որ իր քաղաքացին պատշաճ բուժօգնություն է ստանում։
Եվ ամենակարևորը. միշտ պետք է հիշել, որ աշխարհում չկան իդեալական ֆինանսավորման համակարգեր։ ԱՄՆ-ն, օրինակ, առողջության պետական-պարտադիր ապահովագրության հայեցակարգ չունի, այնտեղ համակարգը մասնավոր է, իսկ ահա սոցիալական ամենահաջող մոդելը եվրոպականն է։
-Հասարակության կողմից ընդվզման կամ դժգոհության ալիքի պե՞տք է սպասել, քանի որ առողջության պարտադիր ապահովագրությունը լրացուցիչ հարկային բեռ է լինելու ՀՀ քաղաքացիների համար։
-Իհարկե, կարող է լինել, ինչպես չի կարող։ Բնական է, բողոքներ լինելու են։ Կլինեն, բայց սա կարևորագույն համակարգ է, որը պետք է անպայման ներդրվի։