«Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքում լրացումներով, ըստ ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի, առաջարկվում է սահմանել առողջության առաջնային պահպանման ծառայություններ մատուցող բժշկի (ընտանեկան բժշկի, թերապևտի, մանկաբույժի) ընտրության, նրա մոտ բնակչության գրանցման և գրանցումից դուրս գալու կարգը, բնակչի կողմից ԱԱՊ բժշկին փոխելու ընթացակարգը: Այս մասին տեղեկանում ենք ԱԺ պաշտոնական կայքից:
Առողջության առաջնային պահպանման, նեղ ու դիսպանսերային ծառայություններ մատուցող մասնագետների կողմից սպասարկվող բնակչության կողմնորոշիչ թվերը հաստատելու լիազորությունը կվերապահվի առողջապահության բնագավառի պետական կառավարման լիազոր մարմնին:
Առողջապահության նախարարի հավաստմամբ՝ լիազոր մարմնին կվերապահվեն նաև նորագույն և թանկարժեք տեխնոլոգիաների կիրառմամբ մատուցվող բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների ցանկը հաստատելու, ինչպես նաև մոր և մանկան մահացության դեպքերի վիճակագրության վարման և մշտադիտարկում իրականացնելու նպատակով տեղեկատվություն տրամադրելու կարգը և ժամկետները սահմանելու լիազորությունները:
«Մի քանի ուղղություններով կարևոր լիազորություններ ենք սահմանում»,- ասել է առողջապահության նախարարը:
Քննարկման արդյունքում օրինագիծը ստացել է դրական եզրակացություն:
««Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրինագիծը քննարկվել է ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նոյեմբերի 30-ի հերթական նիստում:
Օրենքի նախագիծն առաջիկա ԱԺ հերթական նիստում կքննարկվի 24-ժամյա ռեժիմով։