«18 արդարների» գործով անցնող Արսեն Ղազարյանի համար հանրային մեղադրողը դատարանին առաջարկեց կալանքը երկարացնել ևս 3 ամսով՝ շեշտելով գործի քննությանը խոչընդոտելու, նոր հանցանք գործելու վտանգը։
Արսեն Ղազարյանի խնամքի տակ է գտնվում երկու անչափահաս երեխա, իսկ ավագ որդին ծառայում է բանակում։
Դատավոր Կարեն Ֆարխոյանը հայտարարեց՝ Արսեն Ղազարյանի՝ դատական գործընթացին խոչընդոտելու հիմքերը նվազել են, դատական լսումների ժամանակ նա պատշաճ վարքագիծ է դրսևորել, ուստի շաբաթը մեկ անգամ պրոբացիայի ծառայությունում գրանցվելով՝ նոյեմբերի 25-ից Արսեն Ղազարյանի խափանման միջոց կալանքը փոխարինվում է տնային կալանքով։ Կկիրառվի էլեկտրոնային վերահսկողության միջոց։ Նրան արգելված է շփում ունենալ տվյալ վարույթով անցնող անձանց հետ, արգելված է լինել մարդաշատ վայրերում։ Զինծառայող որդուն կարող է այցելել։ Երեկոյան ժամը 21։00-ից մինչև առավոտյան ժամը 8։00-ը չպետք է բացակայի տանից։
Դատարանի որոշմամբ՝ Արսեն Ղազարյանի նկատմամբ կիրառվեցին համակցված խափանման միջոցներ՝ վարչական հսկողություն և բացակայելու արգելք։
Նախկին զինվորական Արման Իսրայելյանի նկատմամբ դատարանը կիրառեց 2 միլիոն դրամ գրավ, 2 ամսվա տնային կալանք, բացակայելու արգելք, շփումների սահմանափակում՝ բացի ընտանիքի անդամներից և փաստաբանից։
Նախկին զինվորական Միհրան Մախսուդյանի տնային կալանքը փոխարինվեց վարչական վերահսկողությամբ՝ առանց էլեկտրոնային սարքի։ Մախսուդյանն առողջական խնդիրներ ունի, պետք է հետազոտվի, և էլեկտորոնային ճառագայթող սարքը վնաս է նրա առողջությանը։
5 միլիոն գրավը կպահպանվի, Մախսուդյանին արգելվում է այցելել մարդաշատ վայրեր, առանց իրավապահներին տեղյակ պահելու՝ փոխել բնակության վայրը։
Արցախի ԱԺ պատգամավոր Դավիթ Գալստյանի տնային կալանքը փոխարինվեց վարչական հսկողությամբ։



