Azg.am-ի զրուցակիցն է ՀՀ մարդու իրավունքների առաջին պաշտպան, «Ընդդեմ կամայական բռնության» ՀԿ նախագահ Լարիսա Ալավերդյանը։
-Տիկի՛ն Ալավերդյան, տեղյակ եք, որ սեպտեմբերի 19-ի ֆեյսբուքյան գրառման համար իրավապաշտպան Ավետիք Իշխանյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել։ Ինչպե՞ս եք գնահատում այս փաստը, սպասելի՞ էր արդյոք այս քայլը գործող իշխանությունների կողմից։
– Երբ մենք դիտարկում ենք, թե ում դեմ են հետապնդումներ իրականացվում, իհարկե, սպասելի էր՝ տոհմիկ մտավորականների, ինտելեկտուալ էլիտայի ներկայացուցիչների նկատմամբ հակակրանքի ու նրանց հետ անհամատեղելիության վառ արտահայտում։
– Ինչի՞ մասին է խոսում ռեժիմի նման գործելաոճը։
– Իշխանությունների կողմից նման արձագանքն արդյոք ինքնախոստովանություն չէ։ Որտե՞ղ են տեսնում բռնության կոչ։ Երբ մարդուն մեղադրում են «Մա՛հ դավաճաններին» արտահայտությունն անելու մեջ, արդյոք ենթադրվում է, որ դավաճաններն անմահ են։ Չէ՞ որ նրանք էլ են մահկանացու, թե՞ նրանք ի թիվս այլ ակնհայտ իրողությունների՝ այդ մասին ևս չգիտեն։ Ի վերջո, բոլոր դավաճաններն էլ մահացել են։
– Տիկի՛ն Ալավերդյան, ըստ Ձեզ՝ ո՞րն է Ավետիք Իշխանյանի նկատմամբ քրեական հետապնդում սկսելու բուն նպատակը՝ զուտ լռեցնելու ընդդիմադիր կեցվածք ունեցող իրավապաշտպաններին, թե՞ ընդհուպ անազատության դատապարտելու նրան։
– Երկու տարբերակներն էլ չեն բացառվում, այդ թվում և՝ միասին։
– Որո՞նք պետք է լինեն պարոն Իշխանյանի հետագա քայլերը՝ պետք է արդյոք դիմել միջազգային իրավապաշտպան կառույցներին, Հայաստանում հավատարմագրված դեսպաններին։
– Ավետիք Իշխանյանի նման փորձառու և հեղինակություն վայելող իրավապաշտպանը կարող է որոշում կայացնել հետագա քայլերի վերաբերյալ։
– Տիկի՛ն Ալավերդյան, Դուք, որպես իրավապաշտպան, ի՞նչ լուծում եք տեսնում ստեղծված իրավիճակում, երբ «Ժողովրդավարության բաստիոն» հռչակված Հայաստանում ֆեյսբուքյան գրառման համար քրեական հետապնդում են հարուցում իրավապաշտպանի նկատմամբ:
– Լիովին համամիտ լինելով Ավետիք Իշխանյանի հետ՝ պնդում եմ, որ պետք է շարունակել պայքարել մինչև քրեական գործեր կհարուցվեն բոլոր դավաճանների նկատմամբ։ Եվ վերջապես, քանի որ ինչպես տուրքերը՝ մահն անխուսափելի է, ուստի մա՛հ դավաճաններին։
Հ.Գ. Ավետիք Իշխանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցվել է ստորև ներկայացված գրառման համար.
«ՄԱ՛Հ ԴԱՎԱՃԱՆՆԵՐԻՆ
Չի բացառվում, որ ինչպես 2020թ․, այնպես էլ այսօր սկսված պատերազմը պայմանավորված էր։ Այն ինչ մինչև վերջ չհաջողվեց 2020թ․, այն է՝ Արցախի ամբողջական հանձնումը, փորձ է կատարվում իրականացնել այժմ։ Սրան նախորդեցին վարչապետ կոչեցյալ դավաճանի հակառուսական հայտարարությունները,ԵՄ կոչվող դիտորդները, հայ-ամերիկյան զորավարժությունները, որոնք հիանալի հող ստեղծեցին ադրբեջանական հարձակման համար։
Ադրբեջանը շտապում է, քանի որ իր դրածո դավաճանի աթոռը երերում է։
Միևնույնն է, ի հեճուկս դավաճանների, Արցախը մնալու է կանգուն։
Մա՛հ դավաճաններին»։