Պեմզաշենի սպանությունն աննախադեպ էր, և այս արարքը մեղմելու ցանկացած փորձ ուղղակի անընկալելի է

45

Պեմզաշենում երիտասարդ կնոջ և իր երկու երեխաների սահմռկեցուցիչ սպանությունն աննախադեպ էր, և այս արարքը մեղմելու ցանկացած փորձ ուղղակի անընկալելի է. Azg.am-ի թղթակցի հետ զրույցում կարծիք հայտնեց իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանը։

«Այս դեպքն ունի բավական լուրջ սոցիալ-հոգեբանական ասպեկտ. մասնավորապես, տանից լսվող աղմուկը, սպանված կնոջ օգնության կանչը հասարակության համար բավարար ազդակ չեն եղել։ Այստեղից կարելի է եզրակացնել, որ հասարակության մոտ «ազդանշանային համակարգը» չի աշխատում։ Մարդիկ նույնիսկ թույլատրելի են համարում և մտածում, որ տանը, գուցե, ծնողները երեխայի վրա են բարկացել՝ թեկուզ դա ուղեկցվի բռնության տարրերով»,- նկատեց մեր զրուցակիցը՝ հավելելով՝ հասարակությունը դեռևս զգոն չէ` պատշաճ արձագանքելու հարևանի օգնության կանչին, քանի որ մարդիկ հիմնականում գերադասում են հեռու մնալ նման դեպքերից՝ համարելով, որ դա իրենց գործը չէ, և տանից լսվող աղմուկը զուտ ներընտանեկան տիրույթի հարց է։

Մինչդեռ, Զարուհի Հովհաննիսյանի համոզմամբ` Պեմզաշենում կատարված դաժան սպանության մեջ մեղադրվող անձանց պատշաճ պատժի հարցը ոչ մի դեպքում չի կարելի անհետևանք թողնել։

«Այս դեպքը պետք է արժանի գնահատական ստանա, և իրավապահ համակարգը կոնկրետ այս հարցի առնչությամբ պետք է շատ զգայուն լինի։ Հակառակ պարագայում, ինչ-որ պահի նմանօրինակ ոճիր կարող է կրկնվել, և որևէ ընտանիք ապահովագրված չէ նման դաժան հաշվեհարդարից։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին Պեմզաշեն գյուղում սեփական բնակարանում գտել էին 31-ամյա բնակչուհու՝ 31-ամյա Զարինե Մելիքսեթյանի և վերջինիս 12-ամյա դստեր և 8-ամյա որդու մարմինները: Դաժան սպանության կասկածանքով ձերբակալվել ապա կալանավորվել էին Շիրակի մարզի 32-ամյա բնակիչ Վրույր Բարսեղյանը և նրա ազգականը՝ 41-ամյա Արկադի Բարսեղյանը։ Վրույրը Բարսեղյանն ընդունել է իրեն առաջադրված մեղադրանքը՝ տալով ինքնախոստովանական ցուցմունք, իսկ Արկադի Բարսեղյանը չի ընդունում մեղադրանքը և նշում է, որ դեպքի վայրում չի եղել։ ՄեղադրյալՎրույր Բարսեղյանի նկատմամբ նշանակվել է դատահոգեբուժական փորձաքննություն։ Վերջինս, ըստ մամուլում եղած հրապարակումների, կարող է անմեղսունակ ճանաչվել ու խուսափել պատժի կրումից։