Որեւէ նորմատիվ իրավական ակտով սահմանված չի եղել դիերի, մասունքների պահպանության կարգը, պահման պայմանները. սա ցավալի փաստ է, բայց իրականություն, իսկ նման կարգի բացակայության պայմաններում որեւէ պաշտոնատար անձի պատասխանատվության ենթարկել իրավաբանների համար հասկանալի է, թե դա ինչ է: Այս մասին, այսօր՝ հուլիսի 12-ին, Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դիմաց լրագրողներին հայտնեց Աբովյանի դիահերձարանի նկուղում գետնին անփութորեն թափված պարկերով զոհված զինծառայողների դիակների ու մասունքների սահմռկեցուցիչ փաստի առթիվ գործով դատախազը:
«Եթե խոսում ենք հանցակազմի մասին, եթե հանցակազմի օբյեկտիվ կողմը չենք ապահովում, օբյեկտիվ կողմի պայման հետեւանքը որւէ էական նշանակություն չունի: Պարզ կենցաղային օրինակ բերեմ, եթե քրեական պատասխանատվության տարիքի չհասած, ասենք, 9 տարեկան երեխան, ինչ-որ մեկին կյանքից ապօրինաբար դիտվորությամբ զրկում է, պե՞տք է բոլոր հանգամանքները վեր հանենք, թե առաջին պայմանը վեր հանենք, այդ անձը սուբյեկտ է, թե ոչ:
Որեւէ մեկին քրեական պատասխանատվության ենթարկելու համար պաշտոնեական հանցագործության համար պարտադիր են այդ լիազորությունները: Այդ լիազորությունները չկան եւ մենք միջնորդություն ենք ներկայացրել այդ կարգը սահմանելու համար»,-ասաց նա:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ փաստաբան Գարիկ Գալեյանի բողոքի հիման վրա այսօր՝ հուլիսի 12-ին, Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում տեղի է ունեցավ դատական նիստ՝ Աբովյանի դիահերձարանի նկուղում գետնին անփութորեն թափված պարկերով զոհված զինծառայողների դիակների ու մասունքների սահմռկեցուցիչ փաստի հետ կապված: Զոհված զինծառայողների ծնողները պահանջում են պատասխանատվության ենթարկել Աբովյանի դիահերձարանի նկուղում իրենց որդիների դիերն և մասունքները նման ձեւով պահելու համար։
Նշենք, որ սա այդ աղմկահարույց բացահատման վերաբերյալ երկրորդ անգամ վերսկսվող դատական գործընթաց է իրականում:
Առաջինը Գլխավոր դատախազությունն էր հրապարակումների հիման վրա քրգործ հարուցել, վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանձնարարությամբ նշանակվել էր ծառայողական քննություն, որոշ ծնողներ կանչվել-հարցաքննվել էին, արդյունքում 2021-ի վերջին քրեական վարույթը ՔԿ-ն կարճել էր:
Դատական հաջորդ նիստը կկայանա օգոստոսի 3-ին, որի ժամանակ կհրապարակվի դատարանի որոշումը:
Հիշեցնենք, այս աղմկահարույց բացահայտում արել էին հենց զոհվածների հայրերը՝ պատերազմից 7 ամիս անց՝ 2021 թվականի մայիսի 31-ին: Իսկ այդ օրերին, չմոռանանք, ո՛չ զոհերի ու ոչ էլ անհետ կորածների թվեր կառավարությունը չէր հրապարակում:
Աղբյուր՝ News.am