Ես ասել եմ, որ ուժայինները պետք է այդ սպառնալիքը վերացնեն. դա հիմա կկոչվի ռազմական հեղաշրջում, թե այլ բան, ես կարող է այդ տերմինոլոգիային չտիրապետեմ։ Այս մասին News.am-ի հետ զրույցում նշել է Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը։
Նա ասաց, որ իրեն իրավապահները ոչ զանգել են, ոչ էլ ծանուցագիր են ուղարկել։
Հարցին՝ մտահոգություն չունի՞, որ իր նկատմամբ էլ գործողություններ կիրականացվեն, Սրբազանը պատասխանեց. «Մտահոգությունը ո՞րն է, ի՞նչ մտահոգություն պետք է ունենամ։ Բագրատ Սրբազանին ձերբակալեցին, սրա տակից պետք է դուրս գան։ Շատ բան կարող ես անել, բայց անելուց հետո պետք է տակից դուրս գաս։ Այս իշխանությունից ամեն ինչ սպասելի է, եթե Վեհափառի վրա են գնում, ես ի՞նչ ասեմ»։
Ավելի վաղ դատախազությունը լրատվամիջոցների հարցադրումներին ի պատասխան հայտնել էր, որ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի՝ «երկրում ռազմական հեղաշրջում անելու» հայտարարությունների վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել։