ՀԺՄ-ը խստորեն դատապարտում է լրագրողի նկատմամբ կատարված ոտնձգությունը

36

Հայաստանի ժուռնալիստների միությունը խստորեն դատապարտում է այսօր Ազգային ժողովում լրագրողների նկատմամբ կատարված ոտնձգությունները։ Միության հայտարարության մեջ,  մասնավորապես, նշվում է.

«Այսօր Ազգային ժողովում իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Քրիստինե Պողոսյանն անհավասարակշիռ պահվածքով եւ  ոչ կոռեկտ բառապաշարով  արձագանքեց  MediaHub.am կայքի լրագրող Անի Գեւորգյանին՝ ի պատասխան լրագրողի հնչեցրած հստակ, հավանաբար պատգամավորին դժվար կացության մեջ գցող հարցերին: Պատգամավոր Քրիստինե Պողոսյանը, հայտարարելով, որ ԱԺ-ն իր տունն է, պահանջեց լրագրողից հեռանալ, իսկ երբ լրագրողն ընդդիմացավ, պատգամավորը ձեռքը մեկնեց դեպի սեղանին դրված հեռախոսը (ամենայն հավանականությամբ)՝ փորձելով այն նետել  լրագրողի ուղղությամբ, ինչը կանխեցին նրա իսկ գործընկեր պատգամավորները:

Թեեւ անհավասարակշիռ վարքագիծ դրսեւորած պատգամավորին գործընկերները մի կերպ հեռացրեցին տարածքից, բայց քիչ անց նրան օգնության հասավ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը: Նա էլ Խորհրդարանի անվտանգության աշխատակիցներին հրահանգեց լրագրող Անի Գեւորգյանին դուրս հանել ԱԺ շենքից, ինչն անհապաղ կատարեցին. լրագրողի նկատմամբ բռնություն գործադրելով, թեւերից բռնած քարշ տալով՝ նրան դուրս բերեցին ԱԺ շենքից:

Տեղի ունեցածից հետո լրագրողների հետ զրույցում Ալեն Սիմոնյանը ոչ միայն հայտարարեց, որ չի պատրաստվում պատգամավոր Քրիստինե Պողոսյանի վարքագիծը քննության առնել, այլեւ, որ ինքն առաջնորդվելու  է ԱԺ կանոնակարգ օրենքի նոր դրույթներին համապատասխան, ըստ որոնց՝ ԱԺ գործունեությունը խաթարող լրագրողը պետք է հեռացվի: «Վաղուց էր պետք դա անել: Փառք Աստծո, օրենքն արդեն ընդունել ենք»,- հայտարարել է Ալեն Սիմոնյանը:

Ակնհայտ է, որ մամուլի նկատմամբ իշխանությունների նման, մեղմ ասած, պաշտոնյային ոչ հարիր վերաբերմունքը պայմանավորված է վերջին օրերին երկրում տեղի ունեցող՝ իրենց անհանգստացնող իրադարձություններով, ռազմաճակատին զուգահեռ՝ քաղաքական հարթությունում կատարվող ստվերային գործընթացներով եւ դրանց նկատմամբ հասարակության մեջ առաջացած արդարացի վրդովմունքով:

Իշխանությունը, ինչպես նախկինում, այնպես էլ  այսօր, իրենց սխալների ու թերությունների մասին հանրությանն իրազեկող մամուլը համարում է  թշնամի, քանի որ մեծապես ազատ ու իշխանության վերահսկողությունից դուրս գործող ԶԼՄ-ների աշխատանքի շնորհիվ է հասարակությունը տեղեկանում իր թիկունքում կատարվող իրադարձությունների մասին:

Հայաստանի Ժուռնալիստների միությունը խստորեն դատապարտում է այսօր Ազգային ժողովում լրագրողների նկատմամբ կատարված ոտնձգությունները, այդ թվում՝ ներկայացուցչական մարմնի ղեկավարի՝ ԱԺ նախագահի հրահանգով,  իշխանությունից պահանջում է ժողովրդավարության սկզբունքներին հավատարիմ գործելաոճ դրսեւորել,  կատարվածն արժանացնել իրավական գնահատականի, պատասխանատվության ենթարկել  սեփական թիմի անդամ այն պատգամավորներին, որոնք առաջին անգամ չէ, որ լրագրողներին սպառնում են հաշվեհարդարով: Անպատժելիությունը ծնում է ամենաթողություն. այս դեպքում հիշատակված պատգամավորը ոչ միայն սպառնացել է, այլեւ փորձել  է կոնկրետ գործողությունների դիմել: 

Կոչ ենք անում մամուլի ազատության հարցերով զբաղվող տեղական եւ միջազգային կազմակերպություններին, մարդու իրավունքների պաշտպանությամբ իրապես զբաղվող միավորներին ու անհատներին՝ ցուցաբերել համարժեք գործելակերպ, զսպել ու կանխել  ազատ խոսքի նկատմամբ իշխանության  ահագնացող ոտնձգությունները:

Մեր գործընկերներին կոչ ենք անում, անկախ ստեղծված իրավիճակից, պահպանել մասնագիտական էթիկայի բոլոր նորմերը եւ սատար կանգնել միմյանց»։

Հիշեցնենք, որ այսօր, ԱԺ-ում անվտանգության աշխատակիցները բռնի ուժ գործադրելով՝ քարշ տալով տարել են լրագրող Անի Գևորգյանին, որի նկատմամբ քպ-ական պատգամավոր Քրիստինե Պողոսյանը նույնպես կոպիտ վերբերմունք է արտահայտել, բղավել է ու փորձել հեռախոսը նետել նրա վրա։