«Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանն այսօր կանչվել է Քննչական կոմիտե՝ որպես վկա հարցաքննության։ Նրա դեմ հաղորդում է ներկայացրել Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցը։
Նրա դեմ նախաձեռնված քրեական վարույթի հիմքում դրվել է սեպտեմբերի 12-ին Ազգային ժողովում ճեպազրույցի և ելույթի ժամանակ արտահայտած իր խոսքերը: Սեպտեմբերի 12-ին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում Հայկ Մամիջանյանն ասել էր, որ Արցախը պետք է դիմանա, մինչև Երևանը փոխվի։
Նա նշել էր` Երևանը փոխվելու է մեր բոլորի` դրսում կանգնած քաղաքացիների, հայրենասերների քրտինքով, և եթե Նիկոլ Փաշինյանն անմտություն անի, նաև արյամբ։
Սաքունցը սա դիտարկել է որպես բռնության կոչ և հաղորդում ներկայացրել։
Մամիջանյանի փաստաբան Սլավիկ Պողոսյանը Քննչական կոմիտեի Արաբկիր վարչական շրջանի քաննչական բաժանմունքից դուրս գալուց հետո լրագրողներին հայտնել է, որ քրեական վարույթ նախաձեռնելու կարիք ընդհանրապես չկար, ընդհակառակը՝ Մամիջանյանի իրավունքներն են խախտվել, որովհետև նա ԱԺ պատգամավոր է և անձեռնմխելի, մինչդեռ նրան կանչել են որպես վկա՝ հարցաքննության։
«Ենթադրում եմ, որ իրենց պարզամիտ հաշվարկն այն է, որ սրանով ինչ-որ կերպ պետք է սահմանափակեն իմ գործունեությունը, այն, բնականաբար, չի սահմանափակվելու, որովհետև նմանօրինակ ճնշումիկների վրա թքած ունեմ»,- հայտարարեց Մամիջանյանը։