Լրագրողները, որոնց նկատմամբ ոստիկանությունը բիրտ ուժ է կիրառում, առաջին հերթին հայ մարդիկ են, ՀՀ քաղաքացիներ, որոնք ապրում են նույն ցավն, ինչ երկրի ճակատագրով մտահոգ յուրաքանչյուր հայ։ Ինչպես այսօր Բարգրատ սրբազանն է նախ որպես հայ մարդ, այնուհետ որպես հոգևորական փողոց դուրս եկել, այնպես էլ լրագրողները։ Ռեժիմը սա չի կարողանում հանդուրժել, Azg.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց իրավապաշտպան Կարապետ Պողոսյանը։
«Իրավիճակը դուրս է եկել վերահսկողությունից, և ոստիկանության կողմից լրագրողների ու ցուցարարների նկատմամբ կիրառած բիրտ ուժն այլևս անկառավարելի է դառնում։ Եկել է մի պահ, երբ ոստիկանությունը չի կարողանում իրավիճակը վերահսկել և բռնությունների վերջին գործողություններին է դիմում։
Սա խոսում է այն մասին, որ ինչ-որ պահից ոստիկանությունն այլևս ուժ չի կիրառելու, որովհետև շարժումն օր օրի ավելի է ծավալվում։ Նույն այն ոստիկանները, որոնք ուզում էին իրենց տիրոջ աչքին լավ երևալ, արդեն հասկանում են, որ միևնույն է՝ ինչ էլ անեն, իրենց տերը վաղը-մյուս օրը դժվար թե կարողանա վճարի, որովհետև պարզ երևում է՝ Նիկոլ Փաշինյանի վիճակը շատ վատ է։ Նրան մնում է ընդամենը մեկ տարբերակ՝ հեռանալ անցնցում կամ ավելի վատ սցենարներով»,- ասաց իրավապաշտպանը։
Հիշեցնելով իշխանական «Civic News» յութուբյան ալիքի էջում օրեր առաջ հրապարակված տեսանյութը, որում տվյալ ԶԼՄ-ի լրագող Դավիթ Լևոնյանը Բագրատ սրբազանին մեղադրում էր «ռուսական ԿԳԲ-ի գործակալ լինելու, «Կրեմլից» միլիոնավոր դոլարներ ստանալու, հայ-ադրբեջանական պատերազմ հրահրելու» մեջ՝ Կարապետ Պողոսյանը նկատեց՝ իրավապահները պետք է բոլոր լրագրողներին առնչվող դեպքերով նույնչափ արագ արձագանքեն:
«Լրագրողների և լրատվամիջոցների տարբերակումն ու տարանջատումն այս իշխանություններն են ներմուծել։ Եթե խոսենք երեկ և այսօր բռնության ենթարկված լրագրողների մասին (նկատի ունի ոստիկանների քաշքշուկի հետևանքով երեկ ուշաթափված 24news.am-ի լրագրող Մերի Մանուկյանին և Mediahub.am կայքի լրագրող Նարե Գևորգյանին, ում այսօր առավոտյան հարվածել էր ոստիկանական «Գազելը»՝ խմբ.), կարող եմ պնդել, որ նրանք հայ մարդ են, իսկ ահա Civic.am-ի լրագրողի մասով՝ չեմ կարող։ Ինձ թվում է՝ նա պետք է գենետիկ անալիզ տա, որ հասկանանք. կա՛մ նրա գենետիկայի հետ ինչ-որ բան նորմալ չէ կամ նրա գլխում ինչ-որ բան նորմալ չէ, որ իրեն այդքան վատ է պահել հոգևոր հոր նկատմամբ»,- ասաց մեր զրուցակիցը։
Կարապետ Պողոսյանը շեշտեց՝ այսօրվա պայքարը քաղաքական չէ, այլ կռիվ է հավատքի և հայրենիք համար։
«Այդ պայքարում հայ լրագրողներն առանց տրտնջալու բավական պրոֆեսիոնալ կերպով իրենց գործը տանում են առաջ։ Սա սարսափեցնում է Նիկոլ Փաշինյանին, որովհետև պրոֆեսիոնալ լրագրողը կարողանում է իրականությունը տեղ հասցնել։ Այժմ իշխանությունները հրաման են տվել ամեն գնով կանգնեցնել լրագրողներին։ Ոստիկաններն իրենց հերթին հավատքի դեմ են դուրս եկել, ոչ թե օրինականությունը պաշտպանելու։ Նրանք դուրս են եկել այն մարդկանց դեմ, որոնք պաշտպանում են քրիստոնեությունը, Հայ Առաքելական եկեղեցին և հայկական ինքնությունը»,- ամփոփեց իրավապաշտպանը։