Գերասը, գտնվելով անազատության մեջ, շատ ավելի ազատ է, քան դատարաններում գտնվող շատերը

19

Դատավորը մեկ այլ գործով խորհրդակցական սենակում է եղել, դատախազն էլ դատարան չի եկել. Գերասիմ Վարդանյանի քրգործով նիստը չի կայացել

ՀՅԴ անդամ Գերասիմ Վարդանյանի կալանավորման ժամկետը երկարացնելու որոշման դեմ պաշտպան Բենիկ Գալստյանի բողոքի՝ այսօրվա քննության նիստը չի կայացել: Դատախազը դատարան չի ներկայացել, իսկ Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Լուսինե Հովհաննիսյանը մեկ այլ գործով խորհրդակցական սենյակ է հեռացել:

«Շուրջ 45 րոպե գտնվել եմ դատական նիստերի դահլիճում: Ինձ այդպես էլ հստակ չասեցին, թե դատավոր Հովհաննիսյանը երբ կվերդառնա խորհրդակցական սենյակից: Տեղեկացրեցին նաև, որ դատախազը միջնորդել էր հետաձգել նիստը։ Ըստ էության՝ նիստը չկայացավ, ես ուղղակի 45 րոպե սպասեցի»,-ասաց պաշտպանը:

Նշենք, որ դատարանը պետք է քններ Գերասիմ Վարդանյանին կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու մասին դատավոր Արմեն Շիրոյանի որոշման դեմ պաշտպանի կողմից հունիսի 16-ին ներակայացված բողոքը։

Ըստ Գալստյանի՝ Վարդանյանին կալանավորելու որոշման դեմ բուն բողոքի քննությունը՝ Ռուբիկ Մխիթարյանի նախագահությամբ, դեռևս տեղի չի ունեցել։ Մինչդեռ Գերասիմ Վարդանյանի քրգործը դատարանում է և մինչև նրա կալանքի ժամկետի լրանալը՝ հուլիսի 12-ը, պետք է քննության առարկա դառնա ՀՅԴ անդամի խափանման միջոցի հարցը։

«Փաստը մնում է փաստ, որ անձը 50 օրից ավելի է, ինչ գտնվում է կալանքի տակ: Մեղմ ասած, սահմանափակվել է վերջինիս արդյունավետ պաշտպանության իրավունքը։ Յուրաքանչյուր անձ, որը քրեական հետապնդման է ենթարկվում, գտնվում է անազատության մեջ, իրավունք ունի բողոքարկելու այդ անազատության վերցնելու որոշումը և իրավունք ունի լսված լինելու։ Փաստացի այդ իրավունքը հասցվել է զրոյական մակարդակի»,- նշեց Գալստյանը։

Պաշտպանը հետևողական է լինելու, որ քրեորեն պատժվեն մի շարք անձինք:

«Գերասը պինդ է և ուժեղ: Նա գտնվելով անազատության մեջ շատ ավելի ազատ է, քան դատարաններում գտնվող շատերը»,- փաստեց Գալստյանը:

Նշենք, որ 2022թ.-ի մայիսի 4-ին 60 մլն դրամ գրավի դիմաց փոխվեց Գերասիմ Վարդանյանի խափանման միջոց կալանավորումը ու նա ազատ արձակվեց: Օրեր անց՝ մայիսի 12-ին, Վարդանյանը կրկին կալանավորվեց՝ դատարանի սահմանած գրավը չվճարելու պատճառով: Ըստ Վարդանյանի պաշտպան Բենիկ Գալստյանի՝ գրավի գումարը չի վճարվել, քանի որ չեն կարողացել այդքան գումար վճարել:

Հիշեցնենք, որ Գերասիմ Վարդանյանը մեղադրվում է 2020 թ.-ի նոյեմբերի 9-ին տեղի ունեցած իրադարձությունների առթիվ հարուցված քրեական գործի շրջանակում` զանգվածային անկարգություններ կազմակերպելու  և լրագրողի աշխատանքը խոչընդոտելու մեջ: