«Հայաքվե» քաղաքացիական նախաձեռնությունը հարց ու պատասխանի էր հրավիրել նրանց, ովքեր հետաքրքրված են՝ ինչ է «Հայաքվեն», ինչ նպատակ ունի, ինչպիսի քայլերով է այն առաջ շարժվում։
Առաջին անգամ օրենսդրական նախաձեռնությամբ կարող է հանդես գալ ժողովուրդը, քանի որ մեր Սահմանադրությունը թույլ է տալիս ստորագրահավաքով անհրաժեշտ ձայներ հավաքել ու օրենքի նախագիծ ներկայացնել ԱԺ։
Քաղաքացիական նախաձռնությամբ օրենքի նախագիծը կարող է իրական դառնալ, եթե 50 հազար ՀՀ քաղաքացի ստորագրի՝ հաստատելով իր խոսքը, որ դեմ է ՀՀ իշխանությունների՝ Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու դիրքորոշմանը։
Հայաստանը պաշտոնապես ներկայացնող անձը, որը Արցախը կճանաչի Ադրբեջանի կազմում և կհրաժարվի Հայոց ցեղասպանության փաստը ճանաչելուց, կդատապարտվի 10-15 տարվա ազատազրկման։
«Հայաքվե»-ի վերջնանպատակը սա է։
Ստորագրահավաքը պետք է անց կացվի համայնքապետարաններում, քաղաքապետարաններում. սա է պահանջներից մեկը։
Երբ 50 հազար ստորագրությունը հավաքվի, «Հայաքվեի» նախաձեռնող կազմը դիմելու է ԱԺ-ին՝ Արցախն Ադրբեջանի կազմում ընդունող և Հայոց ցեղասպանությունը չընդունող ՀՀ պաշտոնական ներկայացուցչի համար օրենքով պատիժ սահմանող նախագիծը քվերակության դնելու համար։ Եթե ԱԺ-ը օրինագիծը չընդունի, ապա ԿԸՀ-ի թույլտվությամբ «Հայաքվեն» պետք է նախաձեռնի 300 հազար ստորագրության հավաքագրում, ինչից հետո տեղի է ունենալու հանրաքվե, որով ամբողջ ժողովուրդն է հայտնելու իր կամքը՝ քրեորեն պատժելի դարձնել Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչող և Հայոց ցեղասպանությունը ժխտող պաշտոնական ցանկացած հայտարարությունը։
Օրենքը քրեական հետապնդում՝ 10-15 տարվա ազատազրկում է նախատեսում ՀՀ-ն պաշտոնապես ներկայացնող անձին կամ անձանց։