Երեքշաբթի, 11 Օգոստոս, 2026

Դուրս թռա մեքենայից, քանի որ իմ կամքին հակառակ էին Եռաբլուր տանում. Աշոտ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդին` Աշոտ Փաշինյանը, իր հետ տեղի ունեցած միջադեպի գործով դատական նիստի ընդմիջման ժամանակ լրագրողների հետ զրույցում որոշ հանգամանքներ պատմեց իր և զոհված զինծառայող Ժորա Մարտիրոսյանի մոր` Գայանե Հակոբյանի հետ կապված միջադեպից:

«Ես դուրս թռա մեքենայից, քանի որ այլ կերպ չէի կարողանում դուրս գալ»,-  լրագրողի հետ զրույցում ասել է Նիկոլ Փաշինյանի որդին` Աշոտը:

Ըստ նրա՝  մինչ այդ,  7 րոպե պահանջել է կանգնեցնել մեքենան, ինչը տիկին Գայանեն չի արել:

Հարցին՝ ինչ-որ վտա՞նգ էր զգում, Փաշինյանը պատասխանեց՝ ամեն դեպքում իր կամքին հակառակ՝ տեղափոխում էին, ու վերահաստատեց՝ հանցագործություն է տեղի ունեցել. «ՀՀ-ում հանցագործությունները պետք է պատշաճ գնահատական ստանան»:

Ի՞նչ է ստացվում.  չափահաս, պատերազում «հերոսացած» տղան ինքնակամ նստել  է տիկին Գայանեի մեքենան ու այն պահին երբ գիտակցել է, որ իր կամքին հակառակ են Եռաբլուր տանում, որոշել է ինքնակամ «դուրս գալ» մեքենայից:

Նշենք, որ այսօր մեկնարկել էր Աշոտ Փաշինյանին իբր առևանգելու գործով նախնական դատալսումները, որոնց ընթացքում քննարկվում էր Գայանե Հակոբյանի խափանման միջոցի հարցը:

Հիշեցնենք, որ Աշոտ Փաշինյան- Գայանե Հակոբյան միջադեպը տեղի էր ունեցել մայիսի 17-ին: