AZG Daily #47, 15-12-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 121. ՁԵՌՆՈՑ ԴՆԵ՞Լ, ԹԵ՞ ՀԱԳՆԵԼ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#042, 2017-11-10 > #043, 2017-11-17 > #044, 2017-11-24 > #045, 2017-12-01 > #046, 2017-12-08

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #44, 24-11-2017



Տեղադրվել է` 2017-11-27 01:07:07 (GMT +04:00)


Ընթերցված է` 10755, Տպվել է` 1665, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԱԶՆԱՎՈՒՐ. ՄԵՌՆԵԼՆ ԱՏՈՒՄ ԵՄ

ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ

«Քույրս ու ես գետնին էինք քնում, ներքնակները զիջել էինք մեր տանը պատսպարված հրեաներին»

Ավստրիական լրատվամիջոցներից տեղեկանում ենք, որ լեգենդար Ազնավուրը համերգային շրջագայություն է սկսել նոյեմբերից. նա 13- ին երգել է Միլանում, 30-ին ելույթ կունենա Սոֆիայում, դեկտեմբերի 9- ին երգելու է Վիեննայում (Stadthalle), իսկ դրանից հետոՙ ֆրանսիական մի շարք քաղաքներում, այնուհետ 2018- ինՙ Ամստերդամում, Սանկտ Պետերբուրգում, Տոկիոյում: KURIER- ի հետ ծավալուն հարցազրույցում Թել Ավիվին նոր հրաժեշտ տված 93- ամյա Ազնավուրը պատմել է նաեւ, թե ելույթ է ունեցել 7000 հանդիսատեսի առջեւ: Հրեաներն իմ արվեստն ընդունած առաջին հանդիսատեսն էին, ասել է Ազնավուրը, բայց արաբական աշխարհում էլ նա աստղ է համարվում, հավելում է ավստրիական լրատունՙ ներկայացնելով երգչի խոսքըՙ «Դուստրերիցս առաջինը հրեայի հետ էր ամուսնացել, երկրորդնՙ արաբի, երկուսին էլ սիրում եմ, հրաշալի մարդիկ են»: KURIER-ը գրում էՙ նա մերժում է համերգային իր շոուները «հրաժեշտի» անվան տակ մատուցել: «Դա ուրիշների համար է, ոչ իմ, ասում է, դադարեցնելը մահ է, դրան դեռ պատրաստ չեմ»:


«Ազգ»-ի նոյեմբերի 3-ի համարում ներկայացրել էինք Շառլ Ազնավուրի Գերմանիայում լույս տեսնող «Յուդիշե ալգեմայնե» գերմաներեն շաբաթաթերթի հետ զրույցից այն հատվածը միայն, որ վերաբերում էր Իսրայելիՙ Հայոց ցեղասպանության ճանաչման խնդրին: «Նա ամենաճանչված ֆրանսիացիներից մեկն է, մեծագույն շանսոնիեներից, որ 93 տարեկանում էլ համաշխարհային աստղ է մնումՙ ամեն օր գրելով, մեղեդի ստեղծելով, անգամՙ համերգային շրջագայությունների մեկնելով», այսպես է բնութագրում Ազնավուրին հեղինակ Իգալ Ավիդանը, այդուհետ անդրադառնում Թել Ավիվ մեկնելու առիթին. ի հարգանս ծնողներիՙ Միշա եւ Քնար Ազնավուրյանների Շոյայի ժամանակ ցուցաբերած սխրանքի, Իսրայելի նախագահ Ռիվլին Ռաուլ Վալլենբերգ շքանշանով է պարգեւատրում երգչին ու քրոջըՙ Սեդային, որ Փարիզի իրենց բնակարանում Գեստապոյի տեսադաշտից թաքցել են հրեաներին: «Հենց Հայոց ցեղասպանության վերապրող լինելու հանգամանքով է պայմանավորված Ազնավուրյաններիՙ հետապնդվող հրեաների, ընդդիմացող մարտիկների, Վեհրմախթի դասալիքների հանդեպ ցուցաբերած համերաշխությունը», գրում է Ավիդանը «Յուդիշե ալգեմայնե»-ի հիշյալ հարցազրույցի նախաբանում:

Ազնավուրի հետ հանդիպումը կայացել է Փարիզում, Իսրայել մեկնելու նախօրեին: Նոյեմբերի 2- ին հիշյալ շաբաթաթերթում առցանց տեղադրված հարցազրույցը նկատելի շատ ընթերցող է ունեցել: Միգուցե դա էր պատճառը, որ նույն հեղինակի ստորագրությամբ մի քիչ այլ մանրամասներով ու շեշտադրմամբ այդ զրույցը նոյեմբերի 6- ին հետաքրքրել էր նաեւ գերմանական ռադիոյին («Դոյչլանդֆունկին»):

Ստորեւ այդ զրույցի հետաքրքրական դրվագներըՙ մասնակի կրճատումներով:

Ազնավուրը եբրայերեն ողջունելով ասացՙ Bruchim Habaim ( բարի գալուստ, գեղարվեստականՙ օրհնյալ են նրանք, որ գալիս են- Ան. Հ.) այնուհետ Schma Israel աղոթքի սկիզբը հիշեց:

- Մեծ մասը մոռացել եմ, առաջին տողերն եմ հիշում միայն: Հաճախ էի իմ լավ ընկերներից մեկինՙ նորաձեւության ճանաչված դիզայներ Թեդ Լափիդուսին սինագոգ ուղեկցում, այլապես նա չէր գնա: Այդ էր պատճառը, որ Ֆրանսիայում բոլոր հրեաները կարծեցին, թե հրեա եմ: Ֆիլմերում միայն 2 անգամ եմ հայի դեր տարել, 7 անգամՙ հրեայի: Սիրածս դերակատարումը խաղալիքներ վաճառող հրեա Զիգիզմունդ Մարկուսի դերն է «Թիթեղյա թմբուկ» ֆիլմում: Այնտեղ պիտի կադդիշն ( հրեաների սրբազան աղոթքներից, որ արամեերեն է նաեւ- Ան. Հ.) արտասանեի, դժվար էր:

- Իդիշը որտեղի՞ց գիտեք:

- Մի քիչ սովորել եմ հրեա ընկերոջիցս, որ հորս հետ այդ լեզվով էր խոսում: Երբ հայրս երիտասարդ էր, Վրաստանում երեխաները հարեւանների բոլոր լեզուները խառնում էին իրարՙ ռուսերենը, հայերենը, վրացերենը ու նաեւՙ իդիշը: Ինքս ինձ անվանում եմ աշքենազյան միակ Goi- ը ( ոչ հրեա,օտար- Ան. Հ.), մանկության տարիներին, նաեւ ավելի ուշՙ բոլոր ընկերներս հրեաներ էին: Նրանց ծնողները հայերի նման ներգաղթյալներ էին, ապրում էին նույն մասում, դեպի Ֆրանսիա փախուստի նույն ուղին էին բռնելՙ Թեսալոնիկի վրայով: Փարիզի հյուսիսային մասում Marche՛ aux Puces de Saint-Ouen շուկայում (անտիկ տարատեսակ ապրանքի աշխարհի ամենամեծ շուկան է մինչ այսօր- Ան. Հ.) աշխատում էին միասին: Երբ հրեաները, գերմանացիների ներխուժումից առաջ, հասցրեցին փախչել Ֆրանսիայից, շուկայում իրենց տաղավարները հանձնեցին տեղաբնակ հայերին: Նրանց վստահում էին, հավատալով, որ պատերազմի ավարտից հետո իրենց տաղավարները հայերն առանց խնդիրների կվերադարձնեն: Նրանք սերտորեն համագործակցում էին, իրար լավ էին ճանաչում:

- Այն ժամանակվա խիզախ գործողությունները դեռ կարո՞ղ եք հիշել:

- Հրեաներից մեկի անունը Սիմոն էր, մեզ մոտ եկավ իր հայուհի կնոջՙ Կարմենի միջոցով, մյուսն Ադրբեջանից էր: (Ազնավուրի քույրըՙ Աիդան իր գրքում նշում է մի ռումինացի հրեայի մասին, որ նացիստական Գերմանիայից էր փախել- «ՅԱ» թերթի խմբ): Ծնողներիս տանը քույրս ու ես քնում էինք գետնին, քանի որ մեր ներքնակները զիջել էինք նրանց:

- Վեհրմախթի դասալիքների՞ն էլ էիք օգնում:

- Գերմանացիներն այդ մարդկանց հարկադրաբար էին զինակոչել, համազգեստ էին տվել, ուղարկել Վեհրմախթ (նացիստական Գերմանիայի զինված ուժեր - Ան. Հ.): Իմ պարտականությունը դասալիքների համազգեստը դեն շպրտելն էր: Ես դրանք կոյուղին էի նետում, անշուշտՙ նույնի մեջ չէ: Նրանք մեր տնից դուրս էին գալիս քաղաքացիական հագուստով: Մեր տան առաջին հարկում հրեա նույնասեռ մի զույգ էր ապրում: Քույրս նրանց ինքնությունը հայտնաբերելուց հետո երբեմն դաշնամուրով նրանց ազգային օրհներգն էր նվագումՙ «Հաթիկվան»: Պատերազմի ավարտից հետո երբ հանդիպել էին, քրոջս ասել էինՙ «Գիտեինք, որ դա մեզ համար էիր նվագում»:

- Ձեր կյանքի մասին 5 գիրք եք գրել, փրկելու մասինՙ միայն հպանցիկ հիշատակումով: Ինչո՞ւ:

- Չեմ սիրում ինքնահավան մարդկանց: Արդյո՞ք ես համեստ եմ: Որպես երգահան բնավ էլ համեստ չեմ, որպես երգիչՙ նույնպես, միայն կյանքում եմ համեստ: Շատ հետաքրքրական է, որ հենց իսրայելցինՙ պատմաբան Յաիր Աուրոնը, որ տասնամյակներ ի վեր հետազոտում եւ ուսուցանում է Հայոց ցեղասպանության մասին, այս պատմությունը գրառեց: Այդ նպատակով 2015- ին նա զրուցեց քրոջսՙ Աիդայի եւ ինձ հետՙ իր «Փրկարարներ եւ մարտիկներ» գրքի համար, որ լույս տեսավ անգլերեն, եբրայերեն, հայերեն, ֆրանսերեն:

- Վալլենբերգ շքանշանի հետ մեկտեղ Ձեր ծնողներին մեծարելու են նաեւ հրեա-արաբական Նեվե Շալոմ գյուղում: Ի՞նչ նշանակություն ունի դա Ձեզ համար:

- Շատ հպարտ եմ, որ հիմա ծնողներիս արարքն արժեւորում են, կարեւոր է նաեւ այն, որ իսրայելցիներին ցույց տանք, թե ժամանակին ողջ աշխարհը հակասեմական չէր: Այս այցիս ժամանակ պաղեստինցիներն էլ են ուզում ինձ հետ հանդիպել: Հոյակապ կլիներ, որ կողմնակի մեկը, որ ոչ հրեա, ոչ էլ պաղեստինցի է, նպաստի կողմերի երկխոսությանը:

- Նեվե Շալոմի «Աշխարհի արդարակյացների այգում» հարգում են ոչ միայն հրեաների կյանքը փրկողներին, դրանով այն Երուսաղեմի ազգային Յադ Վաշեմ հուշահամալիրից տարբերվում է: Յադ Վաշեմը գիտե՞ք:

- Իհարկե, եղել եմ այնտեղ: Մի քանի տարի առաջ արդեն խրախուսում էի, որ Հայոց կոտորածների հուշահամալիրներից մեկը Յադ Վաշեմի օրինակով կառուցվի: Աշխարհի որ երկրում ասես, եթե մի հրեայի փողոցում կանգնեցնեք ու Իսրայելի մասին հարցնեք, ինչ- որ բան կկարողանա ասել: Բայց բոլոր հայերը չէ, որ իրենց պատմությունը գիտեն, թեեւ նախկինում ավելի նվազ էր նրանց թիվը: Մարդը պիտի իր արմատները ճանաչի, ծնողներն էլ պիտի զավակներին իրենց կրոնն ու մայրենի լեզուն սովորեցնեն: Շատ կարեւոր է. կրոնը երեխային ճիշտ ուղին է ցույց տալիս, իսկ լեզուն բովանդակ աշխարհն է բաց անում:

Կրոնը միայն հաշտեցման առաքելությունն ունի: Ով նրա անունից պատերազմ է վարում, Աստծո եւ աշխարհի մասին ոչինչ չի հասկացել: Արարիչը արվեստագետի նման տարբեր անուններ ունիՙ Աստված, Ալլահ, Շիվա: Աստծո անունից կռվելը մեղք է: Անհնար է պատկերացնել, որ մարդասպան աստված ունենք: Ես մի երգ էի սկսելՙ «Մզկիթն ու եկեղեցին», բայց բոլոր ընկերներսՙ հրեաներ եւ ոչ հրեաներ, զգուշացրեցին այն չհրապարակելՙ խնդիրներ կունենաս: Ֆրանսիայում իսլամիստների ահաբեկչական գործողությունների խորապատկերին այսպիսի ներդաշնակ վերնագիրը կարող է սադրիչ ընկալվել: Այնինչ հավատում եմՙ կրոններն ավելի շատ միավորում, քան բաժանում են:

- Ձեր ընտանիքը կրոնապա՞շտ էր:

- Հայրսՙ հազիվ թե, մայրսՙ մի քիչ: Ես եկեղեցի եմ գնում մկրտությունների, պսակի եւ թաղման առիթներին: Երկու դուստրերիս էլ Փարիզում եմ մկրտել, երկու որդիներիսՙ Հայաստանում: Մկրտությունն ինձ համար կարեւոր է: 1967- ին վերջին ամուսնությունս հայկական եկեղեցում է կայացել. բողոքական շվեդուհին երկիր ուներ, հայսՙ չուներ: Թոռներիցս Հակոբն է մեր ընտանիքի միակ հրեան: Նրա հայրը մահացավ այն ժամանակ, երբ տղան իր Barmizwa-ն ( հրեաների օրենքովՙ տղաների 13 տարեկան 1 օրական եւ աղջիկների 12 տարեկան 1 օրական դառնալը նշվում էՙ որպես կրոնական հասունության տարիք- Ան. Հ.) պիտի տոներ, ուստի արարողությունը չեղարկվեց: 2014- ին Իսրայել մեկնելիս նրան հետս տարա: Նախապես հայտնի րաբբիներից մեկի որդու հետ էի ծանոթացել, որ օգնել էր ուզում: Իրականում նմանատիպ մի բան կազմակերպեց մի սինագոգում, որ Երուսաղեմի Լացի պատին է սահմանակցում: Այդ արարողությունը Հակոբի համար շատ հուզիչ էր, դրանից հետո հրեական պատվիրաններին հետեւում է, օրինակՙ սնունդ ընդունելու կարգին:

Կրտսեր որդիսՙ Նիկոլան, հայերեն է սովորում, հայուհու հետ է ամուսնացել: Շատ ուրախ եմ նրա համար:

- Հենց նոր թաղման մասին էիք խոսում: Արարողակարգի մասին արդեն խորհե՞լ եք:

- Ոչ, քանի որ մեռնելն ատում եմ:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #44, 24-11-2017


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.