Ռազմական պատմության մասնագետ Մհեր Հակոբյանի ՖԲ էջից, –
Նախորդ ստատուսս մեծապես ԿԱՏԱԿԱՅԻՆ էր՝ կոչված մտերիմներիս հիշեցնել թեմայի մասին: Այժմ ավելի լուրջ: Մոտակա օրերս ես օրական հատվածներ կտեղադրեմ տպագրության նախապատրաստվող «Հայապատում» գրքիցս, որոնք նվիրված կլինեն Վարդանանց պատերազմին: Անչափ հետաքրքիր կլինի լսել ձեր կարծիքը՝ ցանկացած կարծիքը, լավ թե վատ: Բարի ընթերցանություն, հուսով եմ ակտիվ կլինեք…
… 428 թվականին Արտաշես IV-ը գահընկեց արվեց, Մեծ Հայքի թագավորությունը վերացավ, նրա տարածքը ուղղակիորեն մտավ Պարսից թագավորության կազմի մեջ և կազմվեց Հայոց մարզպանությունը՝ մի ՆՈՐ ԷՋ բացելով հայ ժողովրդի պատմության մեջ:
Ավանդականորեն ընդունված է կարծել, որ Մեծ Հայքի թագավորության ոչնչացումով հայ ժողովուրդը կորցրեց իր պետականությունը, ինչը, սակայն, իմ խորին համոզմամբ որոշակիորեն ՊԱՐԶՈՒՆԱԿԱՑՎԱԾ ՄԻ ՄՈՏԵՑՈՒՄ Է: Այս կապակցությամբ ամենից առաջ պետք է նշել, որ իրականում վերացվեց միայն պետական բարձրագույն իշխանության հայկական կրողի պաշտոնը և երկիրը զրկվեց արտաքին քաղաքական կուրս ընտրելու մինչ այդ այս կամ այն չափով գոյություն ունեցող հնարավորությունից: Դրան հակառակ, սակայն, ՊԱՀՊԱՆՎԵՑԻՆ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻՆ ԲՆՈՐՈՇ ՏԱՐՐԵՐԸ ԻՐԵՆՑ ՎԱՂ ՖԵՈԴԱԼԱԿԱՆ ՏԵՍՔՈՎ: Այս առումով հետաքրքիր է նշել, որ առանձին հայ առաջատար նախարարներ, իրավական առումով չունենալով արքայի կոչում, իրենց հզորությամբ այնուհանդերձ չէին զիջում կամ, երբեմն, նույնիսկ գերազանցում էին նման կոչում ունեցող հարևան որոշ անձանց ու պետություններին, ընդ որում դա դեռ միայն առանձին նախարարների կամ նախարարական տների դեպքում, իսկ այն պարագայում, երբ Մարզպանական Հայաստանը հանդես էր գալիս որպես մեկ միասնական մի ամբողջություն, վերջինս, չլինելով թագավորություն, այնուհանդերձ ՄԻԱՆՇԱՆԱԿՈՐԵՆ ԻՐԵՆԻՑ ԱՎԵԼԻ ՀԶՈՐ ՄԻ ՈՒԺ ԷՐ ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ, քան, ասենք, իրավաբանորեն թագավորության կարգավիճակ ունեցող Իբերիայի և Լազիկայի թագավորությունները կամ, առավել ևս, Մազքութական թագավորությունը: Սրան գումարվում էր նաև այն, որ ներքին կյանքում Մարզպանական Հայաստանը վայելում էր լայն ինքնավարություն, իսկ այս ամենն էլ միասին մեկ համակցության մեջ մեզ թույլ է տալիս ասել, որ, եթե մի կողմ թողնենք Մեծ Հայքի թագավորության իրոք ցավալի անկումը, խորը կամ գլոբալ առումով ոչինչ սկզբունքորեն չէր փոխվել: Իհարկե, ցանկալի կլիներ, որ Մեծ Հայքի թագավորությունը շարունակեր իր գոյությունը, սակայն ես նկատի ունեմ այն, որ պետք չէ ԱՐՀԵՍՏԱԿԱՆՈՐԵՆ ՈՒՌՃԱՑՆԵԼ ԿԱՄ ՈՂԲԱԼ չարաբաստիկ «428 թվականը», եղավ այն, ինչ եղավ, լավ կլիներ, որ այն, ինչ եղավ, չլիներ, բայց դե եղածը եղած էր և ստեղծված իրադրությունը պետք չէ արհեստականորեն դրամատիկացնել և, առավել ևս, խորքային, հեռուն գնացող կամ նույնիսկ ազգային ինչ-ինչ բացասական հատկանիշների մասին հետևությունների բերող մտքերի հանգել:
Գլուխ 6
Մարզպանական Հայաստանի ընդհանուր բնութագիրը
Մարզպանական Հայաստանում հաստատված վաղ ֆեոդալական տիպի հասարակական հարաբերություններում առաջնային դեր ունեին խոշոր հողատեր նախարարական տոհմերը: վերջիններիս մեջ առաջին դերերում էին հինգ տոհմեր՝ Մամիկոնյանները, Բագրատունիները, Սյունիները, Արծրունիները և Կամսարականները:
Քննարկվող ժամանակաշրջանում ՄԱՄԻԿՈՆՅԱՆՆԵՐԻՆ գլխավորում էր 432 թվականից սպարապետի պաշտոնը վարող Վարդան Քաջ Մամիկոնյանը (432-451), որին աջակցում էին իր եղբայրներ Համազասպը և Հմայակը։ Վարդան Քաջ Մամիկոնյանը, ի տարբերություն գրեթե ոչ մի բանով հայտնի չդարձած իր հոր, մինչ այս զբաղեցնում էր Բյուզանդական կայսրության բանակի արևելյան ուժերի հրամանատարի պաշտոնը, սակայն վերջինիս մահից հետո տեղափոխվեց Մարզպանական Հայաստան և միանգամից էլ ակնառու դեր զբաղեցրեց Պարսից թագավորության ռազմական համակարգի մասը հանդիսացող Մարզպանական Հայաստանի ռազմական ենթահամակարգում նույնիսկ անկախ այն բանից, որ զբաղեցնում էր սպարապետի պաշտոնը: Հանդիսանալով քաջ և խիզախ մի զորական, ինչպես նաև՝ տաղանդավոր զորավար՝ Վարդան Մամիկոնյանը սկսած 432 թվականից ու մինչև իր մահը, ըստ Մեսրոպ Վայոցձորեցու և Վարդան Արևելցու արժեքավոր տեղեկությունների, 19 տարում ամենատարբեր մարտերում տարավ 42 հաղթանակ, ընդ որում, դրանց հիմնական մասը՝ հեփթաղների դեմ Պարսից թագավորության արևելքում մղվող պատերազմում: Այս առումով հատկանշական է, որ սպարապետ Վարդան Քաջ Մամիկոնյանի անառարկելի հեղինակությունն և դերը մեծ էր ոչ միայն բանակում, այլ նաև՝ Մարզպանական ողջ Հայաստանում ու Բյուզանդական կայսրությունում:
Մեր կողմից դիտարկվող ժամանակահատվածում Մարզպանական Հայաստանում ԲԱԳՐԱՏՈՒՆԻՆԵՐԸ ներկայացված էին ի դեմս Սմբատ Բագրատունու (մոտ 388-440), որը հանդիսանում էր Արշակ IV-ի դեմ պայքարած Վաղարշակ II-ի կնոջ հայր Սահակ Բագրատունու որդին: Հետագայում Բագրատունիներին գլխավորեց Սմբատի որդի Տիրոցը (մոտ 440-450), ընդ որում Բագրատունի այս երկու իշխաններն էլ խիստ զգուշավոր և հավասարակշռված բնավորության տեր մարդիկ էին:
Դիտարկվող ժամանակաշրջանում Անդովկ Սյունու բուռն, հակասական ու երկարատև կառավարումից հետո դիրքերն այնուհանդերձ զգալիորեն ուժեղացրել էին նաև ՍՅՈՒՆԻՆԵՐԸ, որոնց գլուխ էր կանգնած Բաբիկ Սյունու որդի Վասակը (մոտ 410 – ուղ. 451), որը մրցակցային պայքարում կարողացել էր չեզոքացնել իր հորեղբայր Վաղինակին (մոտ 398-410): Վասակ Սյունին մեծ խելքի, եռանդի և կրթական զգալի մակարդակի տեր մի անձնավորություն էր, որին, սակայն, հաճախ պակասում էր իրական խորաթափանցությունը, ընդ որում վերջինս նաև թույլ էր բարոյական արգելակներից: Այս առումով ավելորդ չէ նշել, որ Վասակ Սյունին իրենից ներկայացնում է մեր պատմության, թերևս, հանիրավի ամենավիճահարույց համարված գործիչը, հանիրավի, որովհետև քաղաքական ու ռազմական դավաճանության մեջ ոչ մի վիճահարույց բան չկա և, առաջնորդվելով միայն ինչ-ինչ քաղաքական մղումներով, Սյունյաց այս իշխանի կերպարը արհեստականորեն բարձրացվել է վիճահարույցության մակարդակին, իսկ նրա գործողություններին էլ փորձ է կատարվել որոշակի արդարացումներ գտնել: Այսպես թե այնպես, սակայն մշտապես Մամիկոնյաններին ու Բագրատունիներին զիջող և դժվարությամբ Արծրունիների հետ մրցակցող Վասակին իր իշխանության օրոք հաջողվեց Մարզպանական Հայաստանում սեփական տոհմին առնվազն գոնե երրորդ տեղն ապահովել:
Մեհրուժան Արծրունու դավաճանական գործունեությունից հետո մեր կողմից դիտարկվող ժամանակաշրջանում Մարզպանական Հայաստանում դիրքերի որոշակի անկում էին ապրել ԱՐԾՐՈՒՆԻՆԵՐԸ: Հետագա տասնամյակներում, սակայն, Արծրունիներին մեծապես հաջողվել էր ամոքել կորուստները և այժմ Արծրունիների նախարարները Մարզպանական Հայաստանի այլ նախարարների շարքում դժվարությամբ վիճարկում էին երրորդ դիրքը Սյունիների հետ: Մեր կողմից դիտարկվող ժամանակահատվածում Արծրունիների գլուխն էր կանգնած եռանդուն, բայց բարոյական սկզբունքներից որոշակիորեն զուրկ Շավասպը (մոտ 440 – ուղ. 449)՝ Վասակ Սյունու, ըստ էության, տաղանդազուրկ կրկնօրինակը Արծրունիների տոհմում:
Մարզպանական Հայաստանի նախարարական ազդեցիկ տոհմերի հնգյակը եզրափակում էին ԿԱՄՍԱՐԱԿԱՆՆԵՐԸ, որոնք գաղափարապես ամենամոտն էին կանգնած մարտաշունչ Մամիկոնյաններին: Մեր կողմից դիտարկվող ժամանակաշրջանում Կամսարականների գլուխ էին կանգնած Գազավոն Կամսարականի որդի Հրահատը (մոտ 425-430) և վերջինիս տղա Սպանդարատը (մոտ 430-445): Վերջինիս էլ հաջորդեց քննարկվող ժամանակաշրջանի ամենաակնառու Կամսարականն, ի դեմս Սպանդարատի որդի Արշավիրի (մոտ 445-465):
Մարզպանական Հայաստանի այսպես կոչված ԵՐԿՐՈՐԴ ԷՇԵԼՈՆԻ ՏՈՀՄԵՐԻ ՇԱՐՔՈՒՄ պետք է մատնանշել ամենից առաջ Ամատունիներին, Խորխոռունիներին, Ռշտունիներին, Մոկացիներին, Գնունիներին, Անձևացիներին, Վարաժնունիներին, Քաջբերունիներին և այլոց: Սրանց քանակությունը, հզորության համեմատական անկման, անցնում էր 400-ը, և սրանք բոլորն այս կամ այն չափով գործում էին առաջատար տոհմերի հնգյակի քաղաքական նախասիրությունների համատեքստում:
Մեր կողմից դիտարկվող ժամանակահատվածում խոշոր հողատերի դիրքում Մարզպանական Հայաստանում սոցիալապես վերջնականապես ամրապնդվել էր նաև Հայ առաքելական եկեղեցին, որը, իր ձեռքում ունենալով դատավարությունն ու բնակչության հոգևոր կյանքի կառավարումը, հսկայական հեղինակություն, ուժ և ազդեցություն ուներ: Հայ առաքելական եկեղեցին գլխավորող կաթողիկոսները իրենց ակտիվ մասնակցություն էին բերում երկրի ներքին և արտաքին հարցերի կարգավորմանը ու հաճախ ազդեցիկ դեր էին խաղում:
Գլուխ 7
Մեծ ապստամբության նախօրեին
427 թվականի ջախջախումը 15 տարով խաղաղություն ապահովեց Պարսից թագավորության արևելյան սահմաններին, ընդ որում նույն այդ ժամանակ Վահրամ V-ին որևէ կերպ չէր սպառնում նաև Բյուզանդական կայսրությունը, քանի որ ահեղ Աթիլլայի (434-453) օրոք, հերթական ու մի վերջին անգամ վերելք ապրող Հոնական տերությունը ԱՀԱՐԿՈՒ ՄԻ ՍՊԱՌՆԱԼԻՔԻ ՆՄԱՆ ԿԱԽՎԵԼ ԷՐ ոչ միայն Բյուզանդական կայսրության, այլև՝ Արևմտյան Հռոմեական կայսրության և եվրոպական ողջ քաղաքակրթության վրա: «Աստծո պատիժ» մականունը ստացած հոների այս առաջնորդն ի վիճակի էր մարտադաշտ հանել մի քանի հարյուր հազար ռազմիկ կազմող հսկայական ու տարացեղ մի բանակ, որում տափաստանային ընտիր ռազմիկներ հանդիսացող հոների և այլ քոչվորների հետ միավորվել էին նաև մինչ այդ առանց այդ էլ հռոմեական աշխարհի հետ մշտապես պատերազմող մարտունակ գերմանացիների, ինչպես նաև սլավոնների զգալի զանգվածներ, իսկ դա ինքնին հսկայական մի սպառնալիք էր:
Այսպիսով` գրեթե մինչև իր թագավորության վերջը Վահրամ V-ն և իր տերությունը վայելում էին անվտանգություն ու անդորր, ինչը բոլոր պայմանները ստեղծեց խրախճասեր և կենսասեր այս արքայի համար, երկրի կառավարումը գործնականում արդեն ամբողջ ծավալով ԹՈՂՆԵԼՈՎ ԴԵՌևՍ ԻՐ ՀՈՐ ՕՐՈՔ ԱՌԱՋԻՆ ԴԵՐԵՐԻ ՎՐԱ ՀԱՅՏՆՎԱԾ ու վերջին պատերազմում իրեն էլ ռազմական օգնություն ցույց տված Միհրանյան տոհմի ակնառու ներկայացուցիչ և մեծ վեզիրի պաշտոնը զբաղեցնող Միհրներսեհի վրա, լիովին տրվել իր սիրած զբաղմունքներին՝ սիրային արկածներին, խնջույքներին, ռազմական խաղերին ու հատկապես որսին: Հենց վերջին հանգամանքն էլ, ի դեպ ասած, սակայն, ի վերջո չար կատակ խաղաց Վահրամ V-ի գլխին, քանզի 438 թվականի ուշ աշնանը նա ՀԵՆՑ ՈՐՍԻ ԺԱՄԱՆԱԿ ԷԼ ԱՆՀԵՏ ԿՈՐԱՎ: Ժամանակակիցներն ասում էին, թե, ինչպես հինավուրց լեգենդներում է, Վահրամ V-ն իր նժույգով ընկել է մի խոր վիհի մեջ ու այլևս չի կարողացել դուրս գալ, սակայն ավելի կենցաղային հայացքների տեր մարդիկ, ըստ էության, կարող էին ենթադրել, որ Վահրամ V-ը, ինչպես և իր հայրը, ուղղակի զոհ է գնացել պալատական հերթական դավադրությանը: Վահրամ V-ի անհետանալուց հետո Պարսից թագավորության գահին բազմեց վերջինիս որդի Հազկերտը՝ Հազկերտ II-ը (438-457): Նոր արքան հորը նման էր, թերևս, միայն այն բանով, որ երկրի կառավարումը իր հերթին ևս թողեց Միհրներսեհի վրա: Այլ հարցերում, սակայն, Հազկերտ II-ը հոր հակապատկերն էր՝ ՆԵՂՄԻՏ, ՔԻՆԱԽՆԴԻՐ, ՀԵՇՏ ԲՌՆԿՎՈՂ և ՄՈԼԻ ԶՐԱԴԱՇՏԱԿԱՆ՝ արյաց նոր արքան ոչ մի կերպ նման չէր իր կենսասեր հորը:
Շարունակելի…