Կաթողիկոսը ոչ մի հնարավորություն չունի հեռանալու. ոչ մի նախադրյալ չեմ տեսնում, որ Կաթողիկոսը պետք է հեռանա, այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ նշեց Արշակ սրբազանը։
«Կաթողիկոսը չի կարող հեռանալ միայն այն պատճառով, որ ինչ-որ շրջանակներ, այդ թվում՝ նաև կասկածելի շրջանակներ, որոնց եկեղեցու պատկանելիությունը խիստ տարակուսելի է, այդպիսի օրակարգ են առաջ մղել։ Չի կարող հեղանալ նաև այն դեպքում, եթե այդպիսի պահանջ են դրել 10 եպիսկոպոսներ։
Կաթողիկոսին ընտրում է ազգային եկեղեցական ժողովը, և ազգային եկեղեցական ժողովի որոշումից դուրս Կաթողիկոսի ցանկացած նման որոշում, որ ինքը պետք է հեռանա, դա ավելին չի լինի, քան դասալքությունը։
Կաթողիկոսը չի կարող հեռանալ, և Կաթողիկոսը ինքը բազմաթիվ անգամներ այդ մասին նշել է, և ես վստահ եմ, որ Կաթողիկոսի կողմից այդպիսի որոշում չի կայացվի, չի կարող կայացվել։ Կաթողիկոսն ունի եկեղեցու և եկեղեցուն պատկանելիության բարձր, չափազանց բարձր գիտակցություն»,-ասաց նա։
Արշակ սրբազանը միաժամանակ հարց հնչեցրեց՝ ի՞նչ նկատի ունեն իր մասին խողողներն՝ աշխարհիկ կյանք ասելով։
«Մենք այսպես կամ այնպես, անկախ նրանից, որ հոգևորական ենք, ապրում ենք աշխարհում և մենք հարաբերություններ ունենք մարդկանց հետ։ Շփումներ ունենք տարբեր շրջանակների հետ Եթե մենք, աշխարհիկ կյանք ասելով, նկատի ունենք այնպիսի հարաբերությունները, որոնք ինտիմ կյանքին է վերաբերում, դա բոլորովին այլ հարց է։ Քանի որ ընդհանրապես անդրորովայնային հետաքրքրություններով առաջնորդվող մեր իշխանությունների թեթև ձեռքով ինտիմ կյանքը դարձել է պետական քաղաքականության առաջնահերթություններից մեկը, ես այդ բանավեճը, այդ խոսակցությունը գռեհիկ և անթույլատրելի եմ համարում։
Մենք մեզ մոտ ունենք խոստովանության գաղտնիության ինստիտուտ, իրավաբանության մեջ գոյություն ունի անձնական կյանքի իրավունքի գաղտնիության ինստիտուտ։ Ես հղում չեմ անում իրավաբանության, որտեղ մենք հոգևորական ենք, բայց ինձ համար բացարձակապես անհասկանալի է մարդկանց խոսույթը, որ հոգևորականը իրավունք չունի անձնական կյանքի։ Դա ընդամենը էլեմենտար անգրագիտություն է՝ անկախ նրանից՝ դա ով է ասում։ Անձնական կյանքի իրավունք ունեն բոլորը։
Անգամ օրենքի մեջ կա, որ հոգևորականը ազատված է խոստովանության միջոցով իրեն հայտնի դարձած տեղեկատվության տարածումից։ Դուք պատկերացնում եք՝ ստեղծվի մի իրավիճակ, երբ որ մարդը ստիպված լինի իր ունեցած ինտիմ հարաբերությունների վերաբերյալ պարզաբանումներ տալ և սկսի տալ անուններ, որոնց հետ ունեցել է այդպիսի հարաբերություններ։ Դրա համար հարցերի շրջանակ կա, որոնք անթափանցելի են, անձեռնմխելի են»,–ասաց նա։




