Շիրակի մարզի Անիպեմզա գյուղում, մարտի 5-ին տեղադրվեց 12 մետր բարձրությամբ հայոց եռագույնը։ Անիպեմզա գյուղը հայ-թուրքական սահմանին է։
Հայաստանի սահմանամերձ 9 մարզերում Եռագույն տեղադրելու նախաձեռնության հեղինակը «Վասն հայրենյաց» ազգային համախմբման շարժումն է։
Անիպեմզայում ՀՀ դրոշը տեղադրվեց Արգենտինայից Սուսաննա և Սերխիո Նահապետյանների հովանավորությամբ։ Մինչ վեր բարձրացվելը, դրոշն օրհնվեց Շիրակի թեմի ներկայացուցիչների կողմից, Երերույքի տաճարում։
Սահմանամերձ գյուղերում՝ բարձունքի վրա, տեսանելի վայերում Հայոց Եռագույնը տեղադրելու նպատակը ՀՀ անձեռնմխելի սահմանները պետական դրոշով խորհրդանշորեն ուրվագծելն է, հայորդիների մոտ եռագույնի հանդեպ հարգանքը ամրապնդելը, հրապարակային միջոցառումների միջոցով սահմանամերձ գյուղերի հանդեպ ուշադրություն գրավելը, ինչպես նաև Հայաստանի, Արցախի ու Սփյուռքի տարբեր համայնքների ներկայացուցիչներին ազգօգուտ նպատակների շուրջը համախմբելը։
Եռագույնի տեղադրման արարողությանը մասնակցել են հանրային գործիչներ, տեղացիներ։ Խորհրդանշական միջոցառմանը ելույթ է ունեցել ՀՀ վաստակավոր արտիստուհի Շուշան Պետրոսյանը։