Եթե Ռուսաստանն ակտիվ քայլեր չձեռնարկի՝ կանխելու Ադրբեջանի գործողությունները և Լաչինի միջանցքում ադրբեջանական անցակետ տեղադրելու քայլը, դա հետպատերազմյան անվտանգային ռուսական ճարտարապետության վերջը կլինի, Azg.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց քաղաքագետ Տիգրան Գրիգորյանը՝ անդրադառնալով Հայաստանն Արցախին կապող ճանապարհին Ադրբեջանի կողմից հսկիչ անցագրային կետ տեղադրելու հանգամանքին։
«Այստեղ պետք է հասկանալ, որ խոսքը գնում է ոչ թե հերթական սադրանքի կամ միջադեպի մասին, այլ Ադրբեջանի այս գործողությունները կասկածի տակ են դնում նոյեմբերի 9-ի ողջ օրակարգը. օրակարգ, որը վերջին 2-3 տարվա ընթացքում լավ թե վատ հիմք էր հանդիսանում տարածաշրջանային անվտանգության ապահովման համար»,- ասաց քաղաքագետը։
Տիգրան Գրիգորյանի խոսքով՝ եթե ՌԴ-ն ի վիճակի չլինի հասնելու Լաչինի միջանցքի լիարժեք և ամբողջական բացմանը, հետևանքներն, անխոս, աղետալի կլինեն առաջին հերթին Արցախի համար։
«Արցախի անվտանգության խորհրդի՝ երեկ տարածած հայտարարության մեջ կարելի է նկատել որոշակի ակնարկներ, որ եթե ադեկվատ արձագանք չլինի, և իրավիճակը շատ արագ չհանգուցալուծվի, կարող են այլ քայլերի դիմել։
Սա նաև երկարաժամկետ իմաստով կարող է մեր տարածաշրջանում Ռուսաստանի ներկայության վտանգման սկիզբը դառնալ»,- կարծիք հայտնեց մեր զրուցակիցը։
Անդրադառնալով Լաչինի միջանցքում ադրբեջանական անցակետի տեղակայման վերաբերյալ ՌԴ արտգործնախարության տարածած հայտարարությանը՝ Տիգրան Գրիգորյանը նկատեց՝ թեև դրանում նշվում է, որ միջանցքի շահագործման ռեժիմի չհամաձայնեցված փոփոխությունն անընդունելի է, սակայն հաղորդագրությունն իրենով լղոզված է։
«Չգիտես՝ ինչու Ռուսաստանի ԱԳ տարածած հայտարարության տեքստում կոչեր են արվում երկու կողմին, այն դեպքում, երբ անցակետի տեղակայման հատվածում ո՛չ արցախյան, ո՛չ էլ հայաստանյան ռազմական ներկայություն չկա։
Կարծես թե փորձ է արվում մեղքը դնել Հայաստանի վրա՝ նշելով, որ եթե խաղաղ գործընթաց լիներ, նմանատիպ գործընթացներ չէին լինի։ Բացի այդ՝ հայտարարության տեքստում հակառուսական ինչ-որ տրամադրությունների մասին խոսք կա, այսինքն՝ Մոսկվան հերթական անգամ կարծես թե փորձում է խուսափել պատասխանատվությունից և հիմնավորել իր կողմից գործողությունների բացակայությունը»,- ամփոփեց քաղաքագետը։
Հիշեցնենք, որ Ադրբեջանը երեկվանից փակել է Արցախ-Հայաստան սահմանագծին գտնվող Հակարիի կամուրջը։ Կամուրջը գտնվում է ՌԴ խաղաղապահ զորակազմի պատասխանատվության տիրույթում: