Արցախի անվտանգության խորհրդի նախկին քարտուղար, ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանի մամուլի ծառայությունից պատասխանել են Azg.am-ի մի քանի հարցի։
– Պարոն Բաբայան, մամուլում տեղեկություններ են շրջանառվում, որ պատրաստվում եք նոր թիմով մուտք գործել քաղաքականություն։ Նշված հարցով քաղաքական այլ ուժերի հետ քննարկումներ կամ պայմանավորվածություններ կա՞ն։
-Նման մոլորեցնող տեղեկություններ տարածում է հայկական «5-րդ շարասյունը»՝ այդպիսով ի ցույց դնելով Սամվել Բաբայանից ունեցած վախերը։
Ի դեպ, տեղեկատվական անվտանգության տեսանկյունից դա ահաբեկչություն է, որի փաստացի թիրախը Արցախի ժողովուրդն է։
-Արցախի նախագահը Սահմանադրության փոփոխության գործընթաց է նախաձեռնել, որը վերաբերում է ռազմական դրության ժամանակ հանրապետության նախագահի պաշտոնը թափուր մնալու դեպքում ԱԺ-ի կողմից նախագահի ընտրությանը։ Ինչպե՞ս կմեկնաբանեք այս քայլը, ի՞նչ կարող այն է տալ Արցախի ժողովրդին։
-Արցախում Սահմանադրության փոփոխությունն այլընտրանք չունի։ Այն Արցախի սուբյեկտայնության պահպանման միակ հնարավոր տարբերակն է՝ դրանից բխող ներքին և արտաքին քաղաքական հետևանքներով։
-Պարոն Բաբայան, ինչպե՞ս եք գնահատում Արցախի իշխանությունների կողմից երկրի կառավարումը։ Եթե այս օրերին Արցախում լինեիք, ի՞նչ կանեիք, ի՞նչ ելքերի ուղղությամբ կմտածեիք։
-Ֆիզիկապես Արցախում լինել և Արցախում քաղաքական պատասխանատվություն ստանձնելը տարբեր հասկացություններ են։ Սամվել Բաբայանը պարբերաբար լինում է Արցախում, հանդիպումներ ունենում հասարակական-քաղաքական շրջանակների հետ, նաև ելքեր առաջարկում, որոնց, ինչպես տենում եք, ականջալուր չեն լինում։
-Ինչո՞ւ մատնանշված շրջանակներն ականջալուր չեն լինում Ձեր առաջարկներին, և ինչո՞վ է հղի միմյանց չլսելու, միասնաբար չգործելու իրավիճակը։
-Հարցի հասցեատերը համապատասխան շրջանակներն են։ Իսկ ականջալուր չլինելու հետեւանքն այն իրականությունն է, որում ապրում է Արցախի 120 հազար բնակչությունը։