Այսօր լրանում է սեպտեմբերի 19-ի մեկ տարին, երբ մենք ստիպված եղանք ևս մեկ անգամ բռնելու բռնագաղթի ճանապարհը, և դա մեր պատմության ամոթի և խայտառակության հերթական օրերից մեկն է, Եռաբլուր զինվորական պանթեոնում լրագրողների հետ զրույցում ասաց Բագրատ սրբազանը։
«Սա ամոթ է և խայտառակություն է՝ որպես խարան դրոշմված առաջին հերթին ՀՀ իշխանությունների ճակատին, ովքեր հանցավոր անտարբերությամբ և անգործությամբ մեզ հասցրեցին այս վիճակին, երբ իրենց և մեր բոլորի աչքերի առջև արցախահայությունը բնազրկվեց և գաղթի ճանապարհ բռնեց։
Միևնույն ժամանակ սեպտեմբերի 19-ը խարան է մեր ողջ հասարակության ճակատին՝ որպես ամոթի, խայտառակության օր, միևնույն ժամանակ ցավի և կորստյան օր, որ մինչ այս պահը հանդուրժում ենք այս իշխանությունների գոյությունը։ Սեպտեմբերի 19-ը միևնույն ժամանակ խարան է միջազգային հանրության ճակատին՝ հատկապես բոլոր նրանց, որոնք երաշխավորներ են եղել արցախցի մեր քույրերի և եղբայրների անվտանգության համար։
Սա մեր պետության և ազգի ամոթի և խայտառակության օրն է։ Սեպտեմբերի 19-ը միաժամանակ խոնարհումի օր է մեր արցախցի քույրերի և եղբայրների առջև, որոնք, գրեթե ամբողջ մի տարի մատնված լինելով շրջափակման և սովի, հենց այսօր՝ անկախ ծանր տառապանքից՝ փաստում են այն հոգու և ոգու մասին, որ հայոց հոգին հաղթանակող հոգի է»,- ասաց Բագրատ սրբազանը։
Ըստ նրա՝ հայ ժողովուրդն ունի կամք, հանձնառություն և հաղթելու ցանկություն, այդուհանդերձ արցախահայությունը լքված և միայնակ մնաց այդ պայքարի մեջ։
«Մենք այլընտրանք չունենք, քան հաղթանակը։ Վստահությունը և կամքը պետք է դառնան մղիչ ուժ, պայքարի ճանապարհ։ Մենք պետք է ինքնամաքրվենք և մեր կյանքի ճանապարհի ուղեցույց դարձնենք «այլևս երբեք» բանաձը։ Սա պետք է դառնա մեր կյանքի առանցքը։
Ես համոզված եմ՝ հեռու չէ այն օրը, երբ ամբողջազգով դարձյալ տոնելու ենք մեր ազատությունն ու հաղթանակները»,- ամփոփեց Սրբազանը։