Դեկտեմբերի 9-10-ին ՀՀ Ազգային ժողովում անցկացվում է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի իրավական հարցերի և մարդու իրավունքների հանձնաժողովի նիստը:
Լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ ճեպազրույցում ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, վերոնշյալ հանձնաժողովի անդամ Վլադիմիր Վարդանյանը խոսել է մեր երկրում հանձնաժողովի նիստի անցկացման և օրակարգի շուրջ:
ԵԽԽՎ համապատասխան հանձնաժողովները տարվա ընթացքում ունեն մեկ հնարավորություն՝ հանձնաժողովի նիստը կազմակերպելու ոչ հանձնաժողովների նիստերի անցկացման համար սովորաբար օգտագործվող վայրերում, մասնավորապես՝ Փարիզում և Ստրասբուրգում: Այս տարի գործընկերներին հյուրընկալել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը:
Դեկտեմբերի 9-ը «Ցեղասպանության հանցագործությունը կանխելու և պատժելու մասին» կոնվենցիայի ընդունման օրն է, իսկ վաղը՝ դեկտեմբերի 10-ը, Մարդու իրավունքների պաշտպանության օրը, և Երևանում այս օրերին նման միջոցառման կազմակերպումը, ըստ Վլադիմիր Վարդանյանի, պայմանավորված է նաև վերոնշյալ հանգամանքներով:
Ադրբեջանում պահվող ռազմագերիներին առնչվող հարցին ի պատասխան՝ հայ պատվիրակը պարզաբանել է ԵԽԽՎ-ում քննարկումների օրակարգը և այն, որ ԵԽԽՎ հանձնաժողովների նիստերը, ի տարբերություն լիագումար նիստերի, անցկացվում են առավել դռնփակ ձևաչափով. «Մենք չենք կարող օրակարգ ձևավորել, որովհետև դրա ձևավորումը շատ դեպքերում պայմանավորված է լինում այն նախապատրաստող զեկույցներով, որոնք քննարկվում են հանձնաժողովներում և պետք է ընդունվեն լիագումար նիստերում»:
Նա հավելել է, որ հայկական պատվիրակությունն Ադրբեջանում պահվող ռազմագերիների առնչությամբ մշտապես բարձրաձայնում է հարցեր. դրանք բարձրացված են նաև ԵԽԽՎ-ի ընդունած մի շարք զեկույցներում: Վլադիմիր Վարդանյանի խոսքով քննարկումների ժամանակ այդ հարցին անդրադարձ եղել է:
«Ռազմագերիներին առնչվող հարցում ԵԽԽՎ-ն, կարծես, հնարավորն արել է, քանի որ այն բանաձևերը, որոնք ընդունվել են ԵԽԽՎ-ում, հստակորեն անդրադարձել են ռազմագերիներին և ռազմագերիների անհապաղ հայրենադարձման խնդրին: Այսինքն՝ պահանջել ԵԽԽՎ-ից ինչ-որ բան ավելի անել, մենք չենք կարող, քանի որ, ըստ էության, ռազմագերիների հետ կապված բոլոր օրակարգային հարցերը բարձրացվել են և ստացել իրենց համապատասխան լուծումները բանաձևերում»,- նշել է ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության ներկայացուցիչը և հիշեցրել, որ Ադրբեջանի պատվիրակության լիազորությունները չեն հաստատվել ԵԽԽՎ-ում, և վերջինս չի մասնակցում վեհաժողովի նիստերին:
Վլադիմիր Վարդանյանը նշել է, որ այսօր հանձնաժողովում քննարկվող հարցերից մեկն էլ այն իրավական և մարդասիրական հետևանքներն են եղել, որոնք կապ են ունեցել Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի ռազմական օպերացիայի հետևանքով տեղի ունեցածի հետ:
«Բայց պահանջել ԵԽԽՎ-ից բաներ, որոնք վերջինիս մանդատից դուրս են կամ հնարավոր չի իրականացնել, մեր կարծիքով կրկին անարդյունավետ կլինի»,- ասել է նա:
ԵԽԽՎ իրավական հարցերի և մարդու իրավունքների հանձնաժողովի նիստի շրջանակում Ազգային ժողովում բացվել է նաև Եվրոպայի խորհրդի 75-ամյակին նվիրված «Ես նկարում եմ իմ իրավունքները» խորագրով մանկական գեղանկարչական աշխատանքների ցուցահանդեսը: Նիստի մասնակիցները ծանոթացել են Երևանի և Հայաստանի բոլոր մարզերի երեք տասնյակից ավելի կերպարվեստի դպրոցների սաների աշխատանքներին:
Infoport