Եթե մինչև 2015 թվականը Թուրքիայում Հայոց ցեղասպանության թեմայով լուրջ քննարկումներ էին կազմակերպվում և պաշտպանվողական-զգայական արձագանքներ էին լինում, ապա Ցեղասպանության 100-ամյա տարելիցից հետո հարևան երկրում հասկացել են, որ այդ հարցով իրենց այլևս չեն կարող ճնշել։ Azg.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց թուրքագետ Նելլի Մինասյանը՝ անդրադառնալով Սփյուռքի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանի այն հայտարարությանը, որ Ցեղասպանության ճանաչման գործընթացն ավարտվել է և ճանաչումն օդի մեջ ոչ մի բան չի տալիս մեզ՝ բացի բարոյական շոյվածությունից։
«Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը, մեծ հաշվով, մեզնից կախված չէր կամ կախված էր 50 տոկոսով, որովհետև Ցեղասպանությունն ընդունած բոլոր երկրները, այդ քայլին գնացել են՝ իրենց քաղաքական շահերից ելնելով։ Այո՛, մենք ինչ-որ բանարել ենք, բայց դրանով հազիվ թե Ֆրանսիայի, Գերմանիայի և ԱՄՆ-ի նման պետությունները ճանաչեին Ցեղասպանությունը։
Որքան էլ Զարեհ Սինանյաննն ասի, որ Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացն ավարտվել է, մեր պատմական հիշողությունը երբեք չի կարող մոռացվել»,- ասաց մեր զրուցակիցը։
Անդրադառնալով Թուրքիայի կողմից Ցեղասպանության ճանաչման հարցին՝ Նելլի Մինասյանը նկատեց՝ այստեղ խոսք կարող է գնալ երկու ասպեկտի մասին՝ դրամական փոխհատուցում (ընդ որում՝ փոխհատուցումը կարող է լինել սիմվոլիկ) և բարոյական, որպեսզի թուրքական պետությունը կարողանա առերեսվել իր պատմության հետ և կատարած ոճրագործության համար ներողություն խնդրի։
«Բայց թուրքական կողմը ձգտում է նաև հարցի բարոյական կողմը շրջանցել՝ առաջ տանելով իր ժխտողականության թեզերը»,- ասաց թուրքագետը։
Վերջում Նելլի Մինասյանը չբացառեց, որ Թուրքիան հայկական կողմի հետ քննարկել կամ պատրաստվում է քննարկելու Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը դադարեցնելու թեման, այլապես հայկական կողմն, ի դեմս Սինանյանի, նման որակումներով հանդես չէր գա։




