Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանի հրաժարականը, բնականաբար, քաղաքական որոշում էր՝ մանավանդ, որ վերջինս հրաժարականի որևէ պատճառ չի նշել՝ ոչ առողջական, ոչ էլ այլ, Azg.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Երևանի ավագանու անդամ Իզաբելլա Աբգարյանը։
«Սա քաղաքական որոշում էր՝ քաղաքն արդեն ամբողջովին հանձնելու Տիգրան Ավինյանին։ Ընդ որում՝ Հրաչյան Սարգսյանի հրաժարականն Ավինյանի քարոզարշավի մեկնարկի համար չէր. քարոզարշավը վաղուց է մեկնարկել։ Հրաժարականը տեղի ունեցավ, որպեսզի կազմակերպչական աշխատանքները միանձնյա իրականացվեն»,- ասաց նա։
Մեր զրուցակցի խոսքով՝ նորմալ չէր, երբ Հրաչյա Սարգսյանը հեռանալիս հրաժարականի որևէ պատճառ չնշեց։
«Երեկվանից մեր միջազգային գործընկերենրը հարց են տալիս՝ ինչո՞ւ հրաժարական ներկայացրեց։ Ես ասում եմ՝ պատճառ չկա։ Սա նորմալ չէ, որովհետև երբ քաղաքապետն ընտրվում է, հանդիսավոր պայմաններում երդում է տալիս, իսկ հետո հանկարծ ասում՝ վերջ, այսքանն էր իմ առաքելությունը։ Բարի լինեիր, ժամանակին հայտարարեիր, որ դու ժամանակավոր ես գալիս և քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար նշանակվեիր։ Բայց ոչ թե ստանձնեիր պաշտոնդ, հետո հանկարծ թողնեիր»,- ասաց նա։
Հարցին՝ Հրաչյա Սարգսյանի հրաժարականը կարո՞ղ է նպաստել Երևանի քաղաքապետի արտահերթ ընտրությունների անցկացմանը, Իզաբելլա Աբգարյանը պատասխանեց՝ որքան ինքն է տեղյակ, ավագանին լուծարելու օրենսդրական խնդիր կա, և առնվազն երեք ամիս է անհրաժեշտ, որպեսզի արտահերթ ընտրություններ կազմակերպվեն։
«Իսկ երեք ամսից արդեն ամառ է, և չեմ կարծում, որ նպատակահարմար կլինի հուլիսին ընտրություններ նշանակել, երբ երևանցիների մեծ մասը քաղաքում չէ։ Ուստի, կարծում եմ՝ քաղաքապետի ընտրությունները կլինեն հերթական՝ սեպտեմբերին»,- ասաց Իզաբելլա Աբգարյանը։
Նա միաժամանակ նկատեց, որ քաղաքապետների, վարչական շրջանների ղեկավարների և վարչությունների պետերի անդադար փոփոխությունների պայմաններում ավագանու անդամների համար անչափ բարդ է արդյունավետ աշխատել։
«Մինչև սովորում ես, թե ում հետ պետք է աշխատես, այդ մարդը փոխվում է։ Նոր եկողին նորից պետք է գործդ հիշեցնես, հանդիպես նրան։ Կարծում եմ՝ նաև քաղաքապետարանի աշխատակիցների համար է խայտառակ դեմոտիվացված վիճակ, և ամբողջ աշխատակազմն անընդհատ սթրեսային պայմաններում է աշխատում»,- ասաց նա։
Հիշեցնենք, որ Հրաչյա Սարգսյանը Երևանի քաղաքապետի պաշտոնից հրաժարական ներկայացրեց երեկ՝ մարտի 17-ին։ Նա հրաժարականի որևէ դրդապատճառ այդպես էլ չհայտնեց։