Եթե Հայաստանի Հանրային հեռուստաընկերությամբ թուրք պրոիշխանական լրագրողին եթեր են տրամադրում, պետք է հաշվի առնեն՝ որևէ հայ լրագրողի մինչ այժմ հաջողվե՞լ է հյուրընկալվել թուրքական TRT-ին և հարցերի պատասխանել։ Azg.am-ի թղթակցի հետ զրույցում այս մասին ասաց թուրքագետ Հակոբ Չաքրյանը՝ անդրադառնալով երեկ Հանրային հեռուստաընկերության եթերում Պետրոս Ղազարյանին հյուրընկալված թուրքական իշխանական TGRT հեռուստաընկերության միջազգային լուրերի բաժնի տնօրենի՝ թուրքամետ և ադրբեջանամետ թեզերին։
«Վերջին շրջանում՝ հատկապես 40-օրյա պատերազմից հետո, Հայաստանը քաղաքական մեծ աջակցություն է ստանում Արևմուտքից, և երբ թուրք լրագրողը Հանրայինի եթերում ասում է, որ երկու հարևանների վեճի դեպքում երրորդը չպետք է միջամտի, նկատի ունի հենց Արևմուտքին։
Թուրք լրագրողից հարցազրույց վերցնող Պետրոս Ղազարյանը պետք է հիշեցներ, որ Թուրքիան ևս Հայաստանի և Ադրբեջանի հարաբերություններում երրորդ երկիր է և նոր չէ, որ խառնվում է երկու երկրների գործերին։
Թուրքիան ՀՀ անկախության՝ դեռ առաջին օրից է խառնվել մեր գործերին։ Նույնիսկ դեռ անկախություն չէինք հռչակել, «Միլիեթ» թերթի ՝ այն ժամանակվա գլխավոր խմբագիրը թերթում հոդված էր գրել, որում երեք նախապայման էր առաջադրել և նշել, որ դրանք անպայման պետք է պարտադրվեն Հայաստանին, այլապես հետո ուշ կլինի»,- ասաց թուրքագետը։
Հակոբ Չաքրյանի խոսքով՝ 1991 թվականից առ այսօր Թուրքիայում բազմաթիվ կառավարություններ են փոխվել, սակայն այդ երկրի դիրքորոշումը երբևէ չի փոխվել։ ««Զանգեզուրի միջանցքի» հարցում էլ Թուրքիայի տեսակետը չի փոխվել։ Դեռևս 1993 թվականին են Թուրքիայում հայտարարել, որ Հայաստանը Լաչինի միջանցքի դիմաց պետք է զիջի Մեղրին։ Հենց այդ թվականին էլ Թուրքիան Հայաստանի առջև փակեց հայ-թուրքական սահմանը»,- նշեց թուրքագետը։
Թուրքագետը շեշտեց՝ երբ խոսքը վերաբերում է Հայաստանին և Արցախին, Թուրքիան և Ադրբեջանը եղբայրներ են դառնում։
«Հայաստանի նկատմամբ Թուրքիայի քաղաքականությունն ակնհայտ թշնամական է։ Այն, որ դեռևս 1991 թվականից Թուրքիան նախապայմաններ է առաջադրել իր անմիջական հարևան Հայաստանին, դա, ըստ միջազգային նորմերի, թշնամանքի ակնհայտ դրսևորում է, որից այդ երկիրը չի էլ հրաժարվել. ընդամենը փոխվել են ձևակերպումները, իսկ ահա նախապայմանները չեն փոխվել՝ չհիշատակել Հայոց ցեղասպանության մասին, արցախահայությանը ստիպել ընդունելու Ադրբեջանի գերիշխանությունը, Հայաստանին էլ ստիպելու դադարեցնել հակաթուրքական գործունեությունը»,- ամփոփեց Հակոբ Չաքրյանը։