Իմ կողմից անմտություն կլիներ ասել, որ Երևանի քաղաքապետի հրաժարականը քաղաքական ենթատեքստ չունի. բնականաբար ունի, և կարծում եմ՝ իշխանություններն ինչքան էլ չեն հասկանում, ամեն դեպքում հասկանում են, որ ինչքան ժամանակը ձգվում է, այդքան վարկաբեկվում են, և շատ դժվար է լինելու երևանցիներից գոնե ինչ-որ տոկոսներ կորզել, Azg.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Երևանի ավագանու անդամ Էռնեստ Ավանեսովը։
«Դրա համար էլ շուտափույթ կերպով ուզում են լուծում տալ հարցին, բայց կարծում եմ՝ այս պահին էլ արդեն երևանցիներից քվեներ ստանալն իշխանությունների համար խնդիր է։ Համենայնդեպս՝ անզեն աչքով երևում է քաղաքացիների վերաբերմունքն իրենց թեկնածուի նկատմամբ»,- ասաց մեր զրուցակիցը։
Էռնեստ Ավանեսովի խոսքով՝ իր տեղեկություններով՝ Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության ներսում առկա են տարբեր ճամբարներ, որոնցից մեկում արդեն իսկ հրաժարական ներկայացրած Հրաչյա Սարգսյանի, մյուսում՝ Տիգրան Ավինյանի կողմնակիցներն են։
«Այս առումով, կարծես թե, հնարավոր վայրիվերումներից մաքրում են ճանապարհը։ Ամեն տարբերակով փորձում են ճանապարհը հարթել, որպեսզի իրենց թեկնածուի համար խոչընդոտ չլինի»,- ասաց ասաց Երևանի ավագանու անդամը։
Էռնեստ Ավանեսովը միաժամանակ համոզմունք հայտնեց, որ Երևանի քաղաքապետի ընտրությունները կանցկացվեն արտահերթ տարբերակով, հակառակ դեպքում Հրաչյա Սարգսյանի հրաժարականի մեջ տրամաբանություն չկա։
«Չեմ կարծում, որ այս պահին հրաժարական տալու այլ իմաստ կար։ Հատկապես Հրաչյա Սարգսյանի հրաժարականի տեքստից երևում է, որ նա ոչ թե հրաժարական է տալիս՝ ընդդեմ լինելով իշխող ուժին, այլ հակառակը՝ ասում է, որ նրանց կողքին է, այսինքն՝ ամեն ինչ պլանավորված է, հետևաբար դա նշանակում է, որ արտահերթ ընտրություններն անխուսափելի են՝ ինքան էլ որ ասեն՝ «Չէ՛, հնարավոր է՝ արտահերթ չլինի»։ Այդ դեպքում անհասկանալի է ամեն ինչ, հատկապես որ իրենց թեկնածուն է կարմիր ժապավենները կտրում և նմանատիպ միջոցառումների մասնակցում»,- ամփոփեց Երևանի ավագանու անդամը։
Հիշեցնենք, որ Հրաչյա Սարգսյանը Երևանի քաղաքապետի պաշտոնից հրաժարական ներկայացրեց երեկ՝ մարտի 17-ին։ Նա հրաժարականի որևէ դրդապատճառ այդպես էլ չհայտնեց։