«Տարբեր երկրներ՝ բանակցությունների տարբեր փուլերում, այս կամ այն կերպ ցանկություն են ունեցել, օրինակ, անվտանգային կամ ռազմական ներկայություն ունենալ երկաթուղու երկայնքով կամ վերահսկողություն ունենալ այդ ենթակառուցվածքի նկատմամբ: Բայց մենք հիշում ենք այդ բանակցությունների ընթացքը և, երբ ինչ-որ մեկն այդ սենյակում ասում է միջանցք, մեզ մոտ մեխանիկորեն արթնանում է այդ մտահոգությունը, որ ինչ-որ մի թաքնված մտադրություն կա այստեղ, որը կարող է վնասել Հայաստանի ինքնիշխանությանը: Կա պաշտոնական համաձայնեցված անուն, որի տակ կա վարչապետ Փաշինյանի, նախագահ Ալիևի, նախագահ Թրամփի ստորագրությունը, այդ անունն է TRIPP»,- «Օրբելի ֆորում. կառուցելով խաղաղություն և բազմակողմանի համագործակցություն» խորագիրը կրող միջազգային համաժողովի ընթացքում ասաց ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը՝ դիմելով իրեն հարց ուղղած թուրք լրագրողին ու կոչ անելով նրան չօգտագործել «միջանցք» բառը։
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը օգոստոսի 8-ին Վաշինգտոնում հռչակագիր էին ստորագրել, որի կետերից մեկով սահմանված է, որ Հայաստանի Հանրապետությունն աշխատելու է Ամերիկայի Միացյալ Նահանգների և փոխադարձաբար համաձայնեցված երրորդ կողմերի հետ՝ Հայաստանի Հանրապետության տարածքում «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (կամ TRIPP) հաղորդակցության ծրագրի իրականացման շրջանակը սահմանելու նպատակով։ TRIPP-ի միջոցով ապահովվելու է նաև Ադրբեջանի կապը Նախիջևանի հետ՝ Հայաստանի սուվերենության, տարածքային ամբողջականության, իրավազորության սկզբունքների պահպանմամբ։





