Արցախի կորստին քաղաքական գնահատական չի տրվում, այսինքն՝ վեր չեն հանվում այն քաղաքական պատճառները, որոնց արդյունքում մենք կորցրեցինք Արցախը։ Իսկ եթե քաղաքական գնահատականներ չեն հնչեցվում, բոլոր մեղադրանքները տեղափոխվում են կենցաղային հարթություն, էմոցիաների և աղմուկ-աղաղակի դաշտ։ Azg.am-ի թղթակցի հետ զրույցում այս մասին ասաց քաղաքագետ Արմեն Բաղդասարյանը՝ անդրադառնալով Հայաստանի Հանրապետությունում Արցախի ներկայացուցչության մոտ սրված իրավիճակին։
«Բայց եթե լիներ հստակ քաղաքական պատասխանատվության հարց, եթե կուզեք՝ անգամ քաղաքական պրոցես, քաղաքական դատավարություն, և հասկանալի լիներ, թե ինչու կորցրեցինք Արցախը, բոլոր այս խժդժությունները չէին լինի։
Հասկանալի է, որ այս իրավիճակը շատ ձեռնտու է ՀՀ իշխանություններին, որովհետև եթե այսօր չլիներ Արցախի ներկայացուցչությունը, արցախցիների բողոքն ուղղվելու էր Նիկոլ Փաշինյանի դեմ։ Հիմա նման ներկայացուցչություն կա, և բողոքն ուղղվում է արցախցի պաշտոնյաների դեմ։
ՀՀ իշխանություններն, իհարկե կթմբկահարեն նմանօրինակ ակցիաները, կասեն՝ «Տեսեք՝ մարդիկ ոչ թե մեզ են ասում թուրք ու դավաճան, այլ Արցախի նախագահին։
Այո՛, սա կշահարկվի, ներքաղաքական շահարկումների առիթ կդառնա, հասարակությունը հերթական անգամ սևերի ու սպիտակների կբաժանվի, բայց, կրկնում եմ, մեծ հաշվով մեր ողբերգության քաղաքական պատճառներն այդպես էլ կմնան չբացահայտված, ինչը նշանակում է, որ հետագայում չեն ձևավորվի նմանատիպ ողբերգությունները կանխելու մեխանիզմներ»,- ասաց Արմեն Բաղդասարյանը։
Քաղաքագետը միաժամանակ տեսակետ հայտնեց, որ այս պահին բավական մեծ է արտաքին հրահրումների հավանականությունը։ Նրա համոզմամբ՝ արտաքին անմիջական միջամտության հավանականությունը բավական զգալի է, որովհետև խտանում են ինչպես արտաքին, այնպես էլ ներքին վտանգները։
«Մարդկանց լարվածությունը և էմոցիոնալ ֆոնը բավականին բարձր են, և եթե դրսից որևէ բևեռ ցանկանար օգտվել այս իրավիճակից և Հայաստանում հանուն իր շահերի պրոցեսներ գեներացնել, միանշանակ կհաջողեր»,- ասաց Արմեն Բաղդասարյանը։
Անդրադառնալով շշուկներին, որ Արցախի ներկայացուցչության մոտ այսօրվա բախումների հրահրողը Սամվել Բաբայանն է, և որ նա է բռնի տեղահանված արցախցիներին բողոքի գործողություն դրդել, քաղաքագետը նկատեց՝ թեև որևէ ապացույց չկա, որ հենց այդ անձն է բողոքի ակցիա հրահրել, սակայն ակնհայտ է, որ ամենայան հավանականությամբ ցանկանում են ճնշում գործադրել Սամվել Շահրամանի վրա։
«Հասկանալի և տրամաբանական է, որ այս ակցիան կազմակերպել են կամ կցանկանային կազմակերպելՀՀ իշխանությունները։ Կարծում եմ՝ սա լուրջ ճնշում է Սամվել Շահրամանյանի վրա, որպեսզի նա չհամաձակվի խառնվել ՀՀ ներքաղաքական գործընթացներին և չփորձի 100 հազարից ավելի արցախահայերին օտգագործի որպես ներքաղաքական գործիք»,- ասաց Արմեն Բաղդասարյանը։
Մեր զրուցակիցը բավականին տարօրինակ որակեց, որ արցախցիների մասնակցությամբ ակցիաների ժամանակ քաղաքական հարցադրումներ չեն հնչում։
«Հասկանալի է չէ՞, որ Արցախի վերջին իշխանությունները ընդամենը 15 օր են իշխսանության եղել, և այն, որ բողոքի ակցիաների ընթացքում քաղաքական հարցեր չեն բարձրացվում, ենթադրել է տալիս, որ սրա թիկունքում ՀՀ իշխանություններն են կանգնած»,- ամփոփեց Արմեն Բաղդասարյանը։