Քաղբանտարկյալ Արա Սաղաթելյանի գործով դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ։ Այս մասին քիչ առաջ տեղեկացրեց Ա.Սաղաթելյանի փաստաբան Հակոբ Ենոքյանը։
«Շատ լավ քննարկում ընթացավ։ Առաջադրված մեղադրանքի անհեթեթությունն ապացուցելու նպատակով պարոն Պողոսյանը հենց դատական նիստի ընթացքում համակցվեց համացանցին այդ Proton VPN հավելվածով և հենց այն նույն IP հասցեով, որը վերագրվում է այս գործով անցնող 4 անձանց։ Պարզվեց՝ պարոն Պողոսյանն էլ է արդեն այդ խմբի անդամ։ Այդ անհեթեթությունն ավելի առարկայական դարձավ»,-ասաց փաստաբանը։
Բողոքի քննությանը ներկա է եղել նաև Արա Սաղաթելյանը, ով իրադրության հետ կապված ներկայացրել է իր դիրքորոշումը․ «Նա նշեց, որ այս ամենն ուղղված է իրեն մեկուսացնելուն, ինչը պայմանավորված է իր հակաադրբեջանական գործունեությամբ»,-նշեց Հակոբ Ենոքյանը։
Որոշումը կհրապարակվի մարտի 5-ին՝ ժամը 16։00-ին։
Հիշեցնենք, որ Վերաքննիչ քրեական դատարանում՝ դատավոր Արշակ Վարդանյանի նախագահությամբ, տեղի է ունեցել ՀՀ ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավար -գլխավոր քարտուղար Արա Սաղաթելյանին կալանավորելու մասին որոշման դեմ պաշտպանների կողմից ներկայացված բողոքի քննությունը։
Արշակ Վարդանյանն ամենաբարձր վարկանիշն ունեցող դատավորներից է։ 2021թ մարտի 3-ի դրությամբ՝ Վարդանյանի վարկանիշը 68 միավոր է։
Հիշեցնենք, որ Արա Սաղաթելյանն արգելանքի տակ է փետրվարի 19-ից. ԱԱԾ-ն նախ խուզարկություններ էր կատարել նրա տանն ու աշխատասենյակում, ապա հայտարարել է, թե նրան ձերբակալել են ֆեյսբուքյան ֆեյքի գործով։
Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը՝ Արմինե Մելիքսեթյանի նախագահությամբ, ոչ իրավաչափ էր համարել Արա Սաղաթելյանի ձերբակալությունը, արձանագրել, որ պատերազմի ժամանակ տեղեկատվության կանոնները խախտելու համար Սաղաթելյանին առաջադրված մեղադրանքում հիմնավոր կասկածը հաստատված չէ, այդուհանդերձ նրան կալանավորելու սանկցիա տվել։ Պաշտպանը վերաքննիչ բողոքով վիճարկել է թե՛ հիմնավոր կասկածի, թե՛ կալանավորման հիմքերի առկայության հարցը։
Նշենք, որ քննիչի որոշմամբ Արա Սաղաթելյանի տեսակցությունների և հեռախոսազանգերի վրա արգելանք էր դրվել, որը տարածվում էև նաև ընտանիքի անդամների, այդ թվում՝ կնոջ և երեխայի վրա։ Պաշտպանի միջնորդությունից հետո քննիչի որոշմամբ վերացվել է ընտանիքի անդամների հետ տեսակցությունների և հեռախոսազանգերի սահմանափակումը։
Հատկանշական է, որ Արա Սաղաթելյանը տարիներ շարունակ ակտիվ դերակատարություն է ունեցել Ադրբեջանի դեմ իրականացվող տեղեկատվական պատերազմում՝ միջազգային մամուլին հասու դարձնելով այդ երկրի իրականացրած պատերազմական հանցագործությունները։
2020 թվականի պատերազմի առաջին օրերից եւս գտնվել է Արցախում եւ աջակցել միջազգային լրատվամիջոցների աշխատանքների կազմակերպմանը՝ թուրք-ադրբեջանական տանդեմի հարձակման մանրամասները լուսաբանելիս։ Եւ հենց այդ օրերին, երբ իշխանությունները պատրաստվում էին կապիտուլյացիայի ակտն ստորագրել, 2020 թվականի նոյեմբերի 8-ին, իշխանական քարոզիչները նրա դեմ սկսեցին սեւ քարոզչություն իրականացնել՝ զրպարտող բնույթի տեղեկություններ տարածելով։ Դրանք շատ արագ հերքվեցին, հարուցվեցին դատական գործեր, սակայն Նիկոլ Փաշինյանը խրախուսեց Արա Սաղաթելյանին զրպարտելու գործում առանձնակի ակտիվ դերակատարություն ցուցաբերած «ֆեյքերի ֆաբրիկայի» Տարոն Չախոյանին՝ նրան նշանակելով կառավարության աշխատակազմի ղեկավարի տեղակալ, այդպիսով ապացուցելով, որ հենց ինքն է կանգնած Արա Սաղաթելյանի դեմ հետապնդումների հետեւում։
Ինքը Արա Սաղաթելյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտարարել էր մտասեւեռվածություն ու զգուշավորություն կա իր անձի նկատմամբ եւ միջոցներ են ձեռնարկում իրեն վարկաբեկելու կամ ընթացող գործընթացներից ինչ-որ կերպ զերծ պահելու համար ։
Փորձագիտական համայնքն արդեն հայտարարել է, որ Արա Սաղաթելյանի նկատմամբ իրականացվում է քաղաքական հետապնդում՝ նրան դիտարկելով որպես քաղբանտարկյալ։
Աղբյուր` Փաստինֆո