Հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանի գործով հերթական դատական նիստում երեկ պետք է հարցաքննվեին վկաները։ Դատարանը նախապես ծանուցագրեր էր ուղարկել: Վկաներից որեւէ մեկը չէր ներկայացել, այդ թվում ագրարային համալսարանի ռեկտոր Վարդան Ուռուտյանը և ուսանողական խորհրդի նախագահ Թոռնիկ Ալիյանը: Վկաներից միայն Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ռեկտոր Վարդան Ուռուտյանը դատարանին գրավոր կարգով հայտնել էր, որ դատարան ներկայանալ չի կարող, հիմնավորելով, որ իր բացակայությունը բացասաբար կազդի ուսումնական գործընթացի կազմակերպման վրա։
«Միջնորդում եմ դատաքննության ընթացքում հրապարակել իմ նախաքննական ցուցմունքը եւ այն ճանաչել որպես դատաքննական ցուցմունք։ Խնդրում եմ միջնորդությունս չդիտարկել որպես դատարանի հանդեպ անհարգելի վերաբերմունք։ Պնդում եմ իմ նախաքննական ցուցմունքը, ավելացնելու բան չունեմ», – գրել է Վարդան Ուռուտյանը։
Առնվազն անհասկանալի է, օրինակ, ինչով կազդի ռեկտորի 1-2 ժամով բացակայությունը ագրարային համալսարանի 40 առաջին կուրսեցիների ուսումնական գործընթացի վրա:
Գուցե պատճառներն այլ են: Դա ցույց կտա ժամանակը:
Yerkir.am-ն ավելի վաղ անդրադարձել էր Հայաստանի Ազգային Ագրարային համալսարանում առկա խնդիրներին. արդեն անդրադարձել էինք Հայաստանի ազգային ագարարային համալսարանում առկա ուսուցման համակարգի ընդունելության խնդիրներին` նշելով, որ վերջին տարիներին, այսպես կոչված, «համալսարանական բարեփոխումների» ֆոնին, Ագրարայինում տխուր պատկեր է ստեղծվել. մի շարք կարևորագույն մասնագիտությունների համար դիմորդներ կա՛մ չկան, կա՛մ ընդամենը մի քանիսն են:
Այնուհետև ներկայացրինք այս տարվա ընդունելության պատկերները, որը եկավ հաստատելու այդ «բարեփոխումների», մեղմ ասած, անհաջողությունն ու դրա ստեղծած ցավալի հետևանքները:
Հիշեցնենք նաև, որ Yerkir.am-ի տեղեկություններով՝ Հայաստանի ազգային ագրարային համալսարանի՝ Տերյան 74 հասցեում գտնվող երկրորդ մասնաշենքի հինգերորդ հարկն արդեն փոխանցվել է Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանին: Ագրարային համալսարանի այդ տարածքում տեղակայված աշխատասենյակներից աշխատակիցներին տեղափոխել են այլ տարածքներ:
Yerkir.am