Հայաստանի քաղաքացիները Վրաստան, իսկ Վրաստանի քաղաքացիները Հայաստան կկարողանան մուտք գործել նույնականացման քարտերով։ Համապատասխան որոշումն ընդունվեց կառավարության հունվարի 12-ի նիստում։
Համաձայնագրի շուրջ աշխատանքները սկսվել էին 2020-ից։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ այս որոշումը այնուամենայնիվ կարող է բերել հարակից ռիսկերի, բայց այդ ուղղությամբ վրացի գործընկերների հետ աշխատանք կտարվի։
Որոշման հիմնավորումներում նշված է, որ Վրաստանի տուրիզմի ազգային գործակալության տվյալների համաձայն՝ 2011-ին Հայաստանից Վրաստան այցելությունների թիվը կազմել է շուրջ 562 հազար այցելու, իսկ արդեն 2019 թվականին՝ 1 միլիոն 365 հազար այցելու։
Ինչպես տեղեկացրել ենք, այսօր Հայաստան կժամանի Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի գլխավորած պատվիրակությունը։ Երկու երկրների վարչապետերը կհանդիպեն։




