Ըստ CNN-ի՝ արբանյակային նոր պատկերները խոսում են ԿԺԴՀ-ի մայրաքաղաքի մոտ նախկինում անհայտ միջուկային օբյեկտի գոյության մասին։ Հեռուստաալիքը վկայակոչում է Միջազգային հետազոտությունների ինստիտուտի փորձագետների տվյալները։
Վերլուծելով արբանյակից ստացված պատկերները, փորձագետները եկել են այն եզրակացության, որ Փենյանի հարևանությամբ մի գյուղում գոյություն ունի գործող հաստատություն, որը կարող է կապված լինել ԿԺԴՀ միջուկային ծրագրի հետ։ Փորձագետները նկատել են հյուսիսկորեական այլ միջուկային օբյեկտներին բնորոշ նշաններ, ներառյալ պահպանվող տարածքն ու ստորգետնյա հաստատությունը։

Միջազգային հետազոտությունների ինստիտուտի տնօրեն Ջեֆրի Լյուիսի խոսքերով՝ ձեռնարկությունը չափազանց ակտիվ է։ Տնօրենը նշում է, որ օբյեկտի վրա աշխատանքները շարունակվել են նույնիսկ այն ժամանակ, երբ ԱՄՆ-ԿԺԴՀ բանակցություններ էին ընթանում միջուկազերծման վերաբերյալ։
Գիտնականներն օբյեկտն առաջին անգամ նկատել էին 2015թ․, սակայն ապացույցներ չունեին, թե դա կապված է միջուկային ծրագրի հետ։