Ի՞նչ ասես «Մեր ժամանակների հերոսը – 2023» մրցանակաբաշխության գլխավոր մրցանակին արժանացած մաթեմատիկայի ուսուցիչ գորիսեցի սևադա խոջաբաղյանին, որը մի ամբողջ Ոսկե Սերնդի կանխամտածված սպանությունը ողբերգություն չի համարում, և մի բան էլ ավելին, զոհվածների ծնողներին է կշտամբում, որ դրանով չեն թողնում երկիրը ոտքի կանգնի, ով համարում է, թե Ն.Փ.–ի սխալը ոչինչ է, նախորդների համեմատ։ Ով համարում է, որ նախկինում թալանել են, իսկ հիմա չեն թալանում, բայց նույն վերին օղակների երկրաչափական պրոգրեսիայով աճող եկամուտները, վեր խոյացող առանձնատները, շքեղ բնակարաններն ու մեքենաները, եռապատկված աշխատավարձերը, բյուջեի հաշվին թանկարժեք շրջագայությունները թալան չի համարում։ Ով մի ամբողջ պետություն՝ իր ենթակառացվածքներով, բազմադարյա պատմամշակութային կոթողներով, եկեղեցիներով, ջրային, անտառային, հանքաարդյունաբերական, թանկարժեք մետաղական ռեսուրսներով հարուստ 12 հազար քառ․կմ-ից ավելի հողային տարածք թշնամուն հանձնելը, ներառյալ Հայաստանի տարածքից 200–ից ավել քառ․կմ-ը, որը հնարավոր չէ գումարով գնահատել իր անգնահատելի լինելու պատճառով, թալան չի համարում։ Ում համար Հայաստանի պատմությունը և նրա հողային տարածքները սահմանափակվում են միայն Սովետական Միության պատմությունով ու տարածքներով, այն էլ միայն Ադրբեջանի համար շահավետ սահմաններով ու պայմաններով։
Մեծ հաշվով ասելու իմաստ էլ չկա, այդ տարիքի, ուսուցչի մասնագիտությամբ մարդուն անիմաստ է ինչ-որ բան բացատրելը։ Պարզապես կարելի է արձանագրել՝ հերթական ցավն ապրելով, որ մի այլ կարգի ողբերգություն է, երբ նման մտածելակերպով ու կեղծ արժեքներով մարդուն վստահված է վաղվա հայ զինվորին կրթելու առաքելությունը, որը պիտի անառիկ պահի Հայոց պետականության սահմանները։
Իսկ ինչ մնում է մեզ՝ ծնողներիս, որ մենք մեր զավակների կորուստը ողբերգություն ենք համարում, այո, դա այդպես է, և դա բնական է, բայց դրանով մենք ոչ թե խանգարում ենք երկրի ոտքի կագնելուն, այլ հակառակը՝ հերթական անգամ զգուշացնում ու ահազանգում ենք, որ նման թրքահպատակ, թրքահաճո գործելավոճով ու երկրի ղեկավարով մենք բոլորս՝ ազգովի, այս անգամ նաև դուք՝ գորիսեցի խոջաբաղյան, հանգելու ենք ավելի մեծ ու կործանարար ողբերգության։ Սակայն դուք՝ դավաճանի հետնորդ սևադա խոջաբաղյան, շարունակեք, այդուհանդերձ, նույն հավատարմությամբ ոչ մի ընդդիմադիր խոսք չասել Ն․Փ․-ի հասցեին, գուցե 2024թ․-ի ՔՊ-ի «հերոսի» կոչմանն էլ արժանանաք։
«Որդիների կանչ» հասարակական կազմակերպություն
