Թեեւ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարութունը հաշվի էր առել Իրանի որոշ «կարմիր գծեր», սակայն, Հայաստանն Արցախին կապող Լաչինի միջանցքի դիմաց Ադրբեջանի ու Նախիջեւանի միջեւ եռակողմ փաստաթղթով նախատեսված տրանսպորտային հաղորդակցությունն ապահովող ճանապարհի մասին պայմանավորվածությունն էականորեն հակասում էր Իրանի ազգային շահերին։
Փաստորեն, Թուրքիայի ու Ադրբեջանի երազած միջանցքի գործարկմամբ Իրանը, աշխարհաքաղաքական հարցերում բազմաթիվ այլ դիրքեր զիջելուց բացի, նկատելիորեն կորցնում է նաեւ իր ազդեցությունը Նախիջեւանի նկատմամբ։ Քանի որ, կտրված լինելով Ադրբեջանի Հանրապետությունից, Նախիջեւանն իր կենսապահովման բոլոր հարցերն իրականացնում էր Իրանի միջոցով։ «Միջանցքի» գործարկման պարագայում Նախիջեւանը դուրս էր գալիս Իրանի «հովանոցի» տակից։
Թեեւ Մեղրիի ճակատագրի նկատմամբ Իրանի մտահոգություններն ամենատարբեր առիթներով ու մակարդակներով բարձրաձայնվում էին 44-օրյա պատերազմից անմիջապես հետո, սակայն դրանք իրենց գործնական արտահայտությունը գտան ավելի ուշ՝ 2022 թվականի հուլիսի 19-ին Թեհրանում անցկացված եռակողմ հանդիպման շրջանակներում Թուրքիայի ու Ռուսաստանի ղեկավարների հետ առանձնազրույցների ժամանակ Իրան-Հայաստան սահմանի փակմանը հանգեցնող նախագծերը կտրականապես մերժելու մասին Իրանի գերագույն առաջնորդ Խամենեիի հնչեցրած հայտնի ձեւակերպումների մեջ։
Խամենեիի հայտարարությանը հետեւեց նաեւ Կապան քաղաքում ԻԻՀ գլխավոր հյուպատոսություն հիմնելու ուղղությամբ մեկ այլ գործնական քայլ՝ գլխավոր հյուպատոս Մորթեզա Աբեդին-Վարամինի գործուղումը Հաայստան, ով մինչեւ Հայաստանում գլխավոր հյուպատոսի պաշտոնն ստանձնելը, որպես ԻԻՀ գործերի ժամանակավոր հավատարմատար պաշտոնավարել է աշխարհի մեկ այլ թեժ կետում՝ Իրանի ու Սաուդյան Արաբիայի միջեւ ընթացող պրոքսի հակամարտության թատերաբեմը հանդիսացող Եմենում։
Օգոստոսի 2-ին պաշտոնական հաղորդագրություն տարածվեց այն մասին, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու ԻԻՀ նախագահ Էբրահիմ Ռայիսին հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում Իրանի նախագահը հիշեցրել է Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ Այաթոլլա Խամենեիի՝ վերջերս Ռուսաստանի եւ Թուրքիայի նախագահների հետ հանդիպման ժամանակ հնչեցրած հայտարարությունն առ այն, որ Իրանը զգայուն է Կովկասյան տարածաշրջանում իր սահմանների հարցում:
Իսկ ռուսական կողմն այդ քայլերին հակադարձեց հայ-իրանական պետական սահմանի երկայնքով ռուս սահմանապահ ուժերի թվաքանակի բազմապատկման ու երկու երկրների միջեւ սահմանային անցուդարձերի վերահսկումը խստացնելու միջոցով։
Այս համատեքստում Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի՝ Իրանի տարածքով Նախիջեւանի հետ կապ հաստատելու մտադրության մասին իրանական կողմի հետ համաձայնեցված հայտարարությունը չէր կարող չմտահոգել հայկական կողմին։
Ադրբեջանն այդ հայտարարությամբ մատնանշում էր Նախիջեւանի հետ կապ հաստատելու իր այլընտրանքը, որից զրկված է հայկական կողմը՝ Արցախը Հայաստանին կապելու այլընտրանքային ճանապարհ ունենալու առումով։
Բնականաբար, ադրբեջանական կողմի ակնարկը վերաբերում է Ալիեւի հռչակած Ադրբեջանը նախիջեւանի հետ կապող «միջանցքի թեզին», որը պետք է ունենա Լաչինի միջանցքին հավասարազոր կարկավիճակ։
Խնդիրն այն է, որ իրանական կողմին առերեւույթ մտահոգում է միայն Հայաստանի հետ իր սահմանի անձեռնմխելիության հարցը։ Իսկ Արցախի հայաթափմանը հանգեցնող Արցախ-Հայաստան կապի բացակայությունն առաջին հայացքից թվում է՝ չի կարող բացասաբար անդրադառնալ Իրանի ազգային շահերի վրա, հետեւաբար չի կարող մտահոգել Թեհրանին։
Սակայն անհրաժեշտ է, որ հայկական կողմը նույնպես հստակ պատկերացում ունենա Իրանի տարածքով Ադրբեջանից դեպի Նախիջեւան ճանապարհ կառուցելու Բաքվի հռչակած նախագծի շահարկման վտանգավոր հետեւանքների մասին եւ Իրանի հետ քաղաքական երկխոսության առարկա դարձնի հայկական կողմի համար այդ կարեւորագույն թեման։
Պետք է նկատի ունենալ, որ Իրանը խիստ շահագրգռված է նախկինի պես Ադրբեջանը Նախիջեւանին կապող ճանապարհի վերահսկողությունն իրականացնելու եւ Նախիջեւանի նկատմամբ իր երբեմնի ազդեցությունը պահպանելու հարցում։ Սակայն հայկական դիվանագիտությունը պարտավոր է ապացուցել, որ Արցախի հայաթափումը նույնպես Իրանի «կարմիր գիծն» է համարվում։
Թեհրանը քաջ գիտակցում է, որ Ադրբեջանի կազմում հայաթափված Ղարաբաղի առկայությունն Իրանի հետ փոխհարաբերություններում ամրապնդում է Բաքվի դիրքերը։ Իսկ Իրանի ներքաղաքական կյանքի վրա ներազդելու բազմաթիվ լծակներ ունեցող Ադրբեջանի հետ երկխոսելիս Թեհրանին նույնպես ազդեցության լրացուցիչ լծակներ են անհրաժեշտ, որոնցից մեկը կարող է լինել հայերով բնակեցված Արցախի հայանպաստ կարգավիճակի հարցը։
Գրիգոր Առաքելյան