Այն, ինչ կատարվում է եկեղեցու դեմ, ամբողջապես հակաիրավական է. հակաիրավական պրոցեսը իրավական լուծում չի կարող, այսօր հայտարարեց Մայր Աթոռի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը։
«Սա ուղղակի ակնհայտ քաղաքական կամ աշխարհաքաղաքական նկատառումներով պայմանավորված գործողությունների շարք է, և դրան իրավունքով հակադրվելը կարող է որոշակի ինչ-որ արդյունքներ ունենալ, բայց ամբողջապես չի փարատելու մեր մտահոգությունները։ Որևէ ձևով արդարացված չէ քաղաքական կամ արտաքին որևէ ուժի միջամտությունը եկեղեցու կյանքից ներս։
Մեր եկեղեցին այսպիսի հալածանքներ, արշավներ տեսել է։ Լուծումը դիմանալն է, դիմադրելն է և համբերատարությամբ զինվելն է, և օգտագործել խելամտորեն այն գործիքակազմերը, որոնք որ կան։ Իհարկե, նաև դա հավատավոր ժողովրդի, հանրության աջակցությամբ և ակտիվ ներգրավվածությամբ։ Ես պատրաստի դեղատոմսեր չունեմ»,- ասաց հոգևորականը։
Ըստ Արշակ սրբազանի՝ սա գլոբալ խնդիր է, միայն եկեղեցու դեմ իրականացվող արշավի խնդիր չէ։
«Պատերազմից հետո Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունների համար ի՞նչ լուծումներ ենք տեսնում, ի՞նչ այլընտրանքներ ունենք։ Մենք պիտի նաև այս հարցերին պատասխանենք. եթե մենք այս հարցերին պատասխաններ չենք գտել, լոկալ եկեղեցու դեմ իրականացվող հարձակումների դեմ պատասխանները կդժվարանանք գտնել։
Լուծումը մեկն է. քանի դեռ այս իշխանությունները շարունակում են պաշտոնավարել, մեր երկրում պիտի շարունակվի ներքին պառակտումը, անհամերաշխությունը, արտաքին սպառնալիքների աճը և Հայաստանի ու հայ ժողովրդի արժանապատվության կորուստը։ Լուծումն այս իշխանություններից, իրենց օրակարգից հրաժարումն է՝ օրինական, սահմանադրական, ոչ բռնի ճանապարհներով»,-ամփոփեց նա։




