Եպիսկոպոսական ձեռնադրության առիթով Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր հայրապետական պատգամը հղեց նորաօծ եպիսկոպոսներին և հավատավոր ժողովրդին՝ փառք ու գոհություն մատուցելով Աստծուն, որ եպիսկոպոսական ձեռնադրության և օծման սրբազան արարողությունը կատարվում է Հոգեգալստյան օրհնաբեր տոնին, երբ Եկեղեցին և հավատացյալները վերստին հաղորդ են դառնում Սուրբ Հոգու արփիափայլ շնորհների հեղման խորհրդին, որով սկիզբ դրվեց Քրիստոսի Եկեղեցու հաղթական առաքելությանը։
«Սիրելիներ, այսօր կրկնակի է ամենքիս ուրախությունը, քանզի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի չորս նվիրյալ, բանիմաց և ջանասեր միաբաններ երկնային շնորհների հեղումով եպիսկոպոսական ձեռնադրության և օծման արժանացան։
․․․Դարեր շարունակ ձեռնադրության սրբազան խորհրդով արժանավոր մշակներ են կարգվել Հայոց Եկեղեցու անդաստանում, որպեսզի սուրբգրային պատգամներով լուսավորեն իրենց հանձնված հավատավոր հոտը և առաջնորդեն դեպի Քրիստոսապարգև փրկություն», – ասաց Վեհափառ Հայրապետը՝ հավելելով, որ եպիսկոպոսները առաքելական հաջորդականության կրողներն ու փոխանցողներն են և տերունավանդ իշխանությամբ հավատքի անաղարտության, Եկեղեցու կարգուկանոնի պահապանները, հոգիների խնամատարը, Եկեղեցու և հավատացյալների իրավունքների պաշտպանը։
Անդրադառնալով պատմության ընթացքում մեր երկրի դեմ ասպատակությունների հորձանուտներում, ինչպես և Ցեղասպանության ու ստալինյան բռնապետության տարիներին եկեղեցականների հանդեպ իրականացված բռնաճնշումներին և հալածանքներին՝ Նորին Սրբությունը նշեց, որ կրելով բազում նեղություններ, հոգևորականները հաստատուն են մնացել առ Քրիստոս հավատարմության ու սիրո մեջ և, Աստծուն ապավինած, դիմակայել բոլոր դժվարություններին:
«Ցավով ենք անդրադառնում, որ Հայոց Եկեղեցու սպասավորները այսօր ևս Հայաստանում իշխանությունների կողմից անհիմն մեղադրանքներով ենթարկվում են հետապնդումների, ինչպես նաև ազատազրկման», – ընդգծեց Հայոց Հայրապետը՝ գոհություն հայտնելով Աստծուն, որ հոգևորականներն ի Հայաստան և ի սփյուռս աննկուն են ոգով, անխախտ են առ Սուրբ Էջմիածինը հավատարմության մեջ և, անդավաճան իրենց ուխտին ու կոչմանը, նախանձախնդրությամբ շարունակում են տերունապատվեր առաքելությունը՝ իրականություն դարձնելու տեսիլքները հոգևոր կյանքի պայծառության, պետականության ամրապնդման, հայրենիքի շինության ու հզորության։
Այնուհետև Ամենայն Հայոց Կաթողիկոսը, ներկայացնելով եպիսկոպոսության արժանացած եկեղեցականներին և անդրադառնալով նրանց տարիների եկեղեցանվեր ու ազգասեր ծառայությանը, եպիսկոպոսական ձեռնադրության առիթով իր օրհնությունն ու բարեմաղթանքները բերեց վերջիններիս։
«Եպիսկոպոսական կոչումը՝ որպես նվիրապետության բարձր աստիճան, ենթադրում է առավել մեծ հանձնառություն և պատասխանատվություն Քրիստոսի Եկեղեցու մեջ։ Եպիսկոպոսությունը ինքնին ծառայական խաչ է, որը Տիրոջ մշակը ստանձնում է Իջման Սուրբ Սեղանի առջև ծնրադիր ուխտով՝ իր կյանքը անմնացորդ ընծայելու անձնվեր ծառայության», – նշեց Վեհափառ Հայրապետը։
«Այս բարդ ժամանակաշրջանում շարունակեք քաջալերել մեր ժողովրդի զավակներին ամուր մնալու աստվածսիրության ու հայրենասիրության մեջ։ Եղեք համարձակ պահապանը հոգևոր և ազգային մեր արժեքների ու սրբությունների, մեր երկրի ու ժողովրդի և մեր Սուրբ Եկեղեցու արդար իրավունքների։ Ձեր խնամքին հանձնված հավատացյալներին առաջնորդեք աստվածահաճո ուղիներով, նրանց սրտերում զորացրեք հավատքը, աննկուն կամքն ու արիության ոգին՝ դուրս բերելու մեր երկիրը վտանգներով ու փորձություններով լի այս դժվարին իրավիճակից և կերտելու հայրենիքի բարօր ու պայծառ ապագան։ Ձեր բարձր առաքելությամբ ամենուր տարածեք տերունավանդ սեր, ազնվություն, բարություն ու արդարություն», – պատգամեց Նորին Սրբությունը՝ հայցելով, որ Տերն Իր Սուրբ Աջով մշտապես զորացնի նորաօծներին ու նորանոր հաջողություններ պարգևի՝ ի փառս Աստծո, ի սեր ազգի, ի շինություն և ի պայծառություն Առաքելական մեր Սուրբ Եկեղեցու։








