Այսօր հակաադրբեջանական ուժերի սգո օր է. Այսինքն՝ ինչպե՞ս կարող է լինել, որ առանց մեր թույլտվության, առանց որևէ մեկին հարցնելու, առանց որևէ մեկից վախենալու, որևէ մեկին հաշվի չառնելով՝ Ադրբեջանը վերականգնեց իր իրավունքները. օկուպացված Ջրականում ասել է Ադրբեջանի նախագահ Ալիևը։
«Այսօր Ամերիկան պատժամիջոցներ է սահմանում Ադրբեջանի դեմ։ Իսկ հետո ասում են՝ ամրապնդենք մեր բարեկամությունը։ Ինչպիսի՞ բարեկամության մասին կարող ենք խոսել»,- ընդգծել է նա։
Հիշեցնենք, որ 60 կոնգրեսականներ դիմել են ԱՄՆ կառավարությանը՝ պահանջելով Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ կիրառել նրա գործած պատերազմական հանցանքների, պատանդներին, գերիներին չվերադարձնելու, Արցախը հայաթափելու և էթնիկ զտման ենթարկելու համար։
«60 հայամետ ամերիկացի կոնգրեսականներ դիմել են ԱՄՆ կառավարությանը՝ կոչ անելով նոր պատժամիջոցներ սահմանել Ադրբեջանի դեմ։ Այսօր առավոտյան ես թերթեցի այդ կոչը: Զզվելի վերաբերմունք, որը չի կարող ազդել մեր կամքի վրա։ Այնուամենայնիվ, ի՞նչ է սա նշանակում: Որ մեր դեմ թշնամական քաղաքականությունը չի դադարում։
Թող չմոռանան հակաահաբեկչական գործողության մասին։ Թող չմոռանան, որ նույնիսկ այդ աշխարհագրական պայմաններում մենք կարողացանք հասնել մեր ուզածին։ Մենք արմատախիլ արեցինք անջատողականությունը ընդամենը մի քանի ժամում՝ անկախ ամեն ինչից»,- իր կատարած պատերազմական հանցագործություններով ի լուր աշխարհի պարծեցել է բռնապետ Ալիևը։
«Այդ կոչը նայելուց հետո ես ենթադրեցի, որ և՛ հեղինակը, և՛ հասցեատերը նույնն են։ Որովհետեւ դա ուղղված է ԱՄՆ պետքարտուղարին։ Բայց ես ամենափոքր կասկած չունեմ, որ այդ կոչը ԱՄՆ պետքարտուղարությունում է գրված եղել։ Այսինքն՝ իրենք իրենց նամակներ են գրում, որ մեզ սպառնան, մեզ մեղադրեն»:
Օկուպացված Ջրականում, իր ելույթի ժամանակ օկուպանտ-հանցագործը չի մոռացել նորից սպառնալ նաև Հայաստանին։
«Հայաստանը ներքաշվել է վտանգավոր խաղերի մեջ. Թող չմոռանան Ղարաբաղյան երկրորդ պատերազմի պատմությունը։ Թող չմոռանան, թե ինչպես էին մեզ ծնկաչոք աղաչում ողորմություն, թե ինչպես էին օրական տասը անգամ ամենաբարձր մակարդակով դիմում Ռուսաստանին՝ խնդրելով դադարեցնել պատերազմը»։
Կարդացեք նաև Շուրջ 60 կոնգրեսականներ Բլինքենին կոչ են անում ապահովել Ադրբեջանում պահվող հայ բանտարկյալների ազատ արձակումը