Ավստրալիայի կառավարությունը, համաձայն Իմունացման ավստրալական խորհրդատվական խմբի որոշման, որոշում է կայացրել չօգտագործել բրիտանա-շվեդական AstraZeneca ընկերության պատվաստանյութը 60 տարեկանից ցածր քաղաքացիների շրջանում կորոնավիրուսի դեմ պատվաստումների համար: ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, այս մասին հինգշաբթի օրը հայտարարել է երկրի առողջապահության նախարար Գրեգ Հանթը լրագրողների համար առցանց ճեպազրույցի ժամանակ:
«Ավստրալիայի կառավարությունը ստացել է նորացված ուղեցույցներ AstraZeneca-ի կորոնավիրուսային պատվաստանյութի օգտագործման պայմանների վերաբերյալ, որով այժմ խորհուրդ է տրվում պատվաստել 60 և ավելի բարձր տարիքի մարդկանց», ասել է գերատեսչության ղեկավարը:
«AstraZeneca պատվաստանյութը շատ արդյունավետ է կորոնավիրուսի կողմից առաջացած ծանր հիվանդությունները կանխելու համար, բայց մեր գործողությունները հիմնված են նոր ապացույցների վրա, որ դրա օգտագործումը կապված է 50-ից 59 տարիքային խմբում թրոմբոզի բարձր ռիսկի հետ», ասել է նախարարը: