Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) հայտարարել է հիվանդանոցներում կորոնավիրուսով հիվանդների բուժման երեք պոտենցիալ դեղամիջոցների (արթեսունատ, իմատինիբ և ինֆլիքսիմաբ) փորձարկումների առաջիկա փուլի մասին: Ինչպես նշվում է կազմակերպության մամուլի հաղորդագրության մեջ, այս դեղերի փորձարկումները կիրականացվեն միջազգային համագործակցության Solidarity PLUS հարթակի հիման վրա, որը ներառում է 52 երկրների ավելի քան 600 հիվանդանոցներ:
Ընդգծվում է, որ այս երեք դեղամիջոցները «ընտրվել են անկախ փորձագետների խմբի կողմից այն պատճառով, որ դրանք պոտենցիալ նվազեցնում են COVID-19-ով հոսպիտալացված հիվանդների մահվան վտանգը»: Այս դեղամիջոցներն արդեն օգտագործվում են այլ հիվանդությունների բուժման համար. արթեսունատը՝ ծանր մալարիայի դեպքում, իմատինիբը՝ որոշ քաղցկեղների դեպքում, իսկ ինֆլիքսիմաբը՝ իմունային համակարգի աայնպիսի հիվանդությունների դեպքում, ինչպիսիք են Քրոնի հիվանդությունը և ռևմատոիդ արթրիտը: