Կառավարությունն իր այսօրվա՝ փետրվարի 27-ի նիստում բյուջետային երաշխիք տրամադրելու մասին որոշում կայացրեց, որը պայմանավորված է «Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ի գործունեության բնականոն ընթացքն ապահովելու անհրաժեշտությամբ։
Հիմնավորման մեջ նշվում է, որ ՀՀ էկոնոմիկայի նախարարության և «Լիդիան Ռիսորսիզ Արմենիա Լիմիթեդ» բաժնետիրական ընկերության միջև կնքված պայմանագրով ընկերության բաժնետոմսերից 12.5% տոկոսին համարժեք՝ 12 503 հատ բաժնետոմսերը նվիրատվությամբ փոխանցվել են Հայաստանին որպես սեփականություն:
ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից ներկայացված նախկինում իրականացված ուսումնասիրությունների արդյունքների համաձայն՝ ակնկալվում է, որ ծրագրի իրականացում իր ուղղակի և անուղղակի ազդեցությունը կունենա ՀՀ տնտեսության վրա տարեկան շուրջ ՀՆԱ 1.0-1.5 տոկոսի չափով: Ամուլսարի ոսկու հանքի Ծրագրի շինարարության նպատակով կներգրավվի ավելի քան 1000 աշխատող, իսկ ծրագրի արդյունահանման կամ շահագործման ամբողջ տևողության ընթացում մշակման հանգույցներում, լաբորատորիաներում և վարչակազմում կստեղծվի շուրջ 700 աշխատատեղ:
Կառավարությունը, որպես բյուջետային երաշխիքի վճարումից ծագող հետադարձ պահանջի ապահովման միջոց, նպատակահարմար է համարել ընդունել երաշխիքով ապահովված վարկային պարտավորության ապահովման նպատակով հօգուտ առևտրային բանկերի ձևակերպված հաջորդող գրավը:
Բյուջետային երաշխիքը հանդիսանում է պետական պարտքի բաղադրիչ, հետևաբար, բյուջետային երաշխիքի տրամադրումը կհանգեցնի ՀՀ կառավարության պարտքի բեռի ավելացմանը, որն, ըստ կանխատեսումների, 2025 թվականին արդեն իսկ կգերազանցի հարկաբյուջետային կանոններով սահմանված` ՀՆԱ-ի 50% շեմը (2025 թվականի պետական բյուջեի համաձայն՝ 2025 թվականին կառավարության պարտք/ՀՆԱ ցուցանիշը կկազմի 54.3%):
Նախատեսվող երաշխիքի գումարը կազմում է 2025 թվականի պետական բյուջեով 2025 թվականի համար կանխատեսված անվանական ՀՆԱ-ի 0.58%-ը:
Կառավարությունը,համադրելով բյուջետային երաշխիքի տրամադրման պարագայում առկա ռիսկերը և ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից գնահատվածբյուջետային երաշխիքի տրամադրմանդրական ազդեցությունը ՀՀ-ում հանքարդյունաբերության և սոցիալ-տնտեսական զարգացման վրա, ինչպես նաև հաշվի առնելով ոսկու գները միջազգային շուկայում,նախաձեռնել է բյուջետային երաշխիքի տրամադրումը:
Այս որոշմամբ առաջարվում է տրամադրել մինչև 150 մլն դոլար գումարի չափով բյուջետային երաշխիք:
Ընդ որում, որպես երաշխիքի թողարկման նախապայման նախատեսվում է, որ այն տրամադրվում է, եթե որոշումն ուժի մեջ մտնելուց հետո վեց ամսյա ժամկետում Ընկերությունը Ֆինանսների նախարարություն է ներկայացնում անկախ աուդիտորական կազմակերպության կողմից հաստատված Ընկերության ֆինանսական վիճակի մասին հաշվետվությունում ներառված հաշվեկշռային ակտիվների շուկայական գնահատման հաշվետվություն:
Նախագծի ընդունումը կարող է հանգեցնել պետական բոյւջեի եկամուտների ավելացման, իսկ բյուջետային երաշխիքի նյութականացման դեպքում՝պետական բյուջեի ծախսերի ավելացման մինչև 150 մլն դոլար գումարի չափով։
Infoport