Բերդ համայնքի ղեկավար ընտրվեց սեպտեմբերի 25–ին ՏԻՄ ընտրություններում հաղթած «Զորավոր համայնք» դաշինքի համայնքապետի թեկնածու Աստղիկ Հակոբյանը, որը ընտրական ցուցակի երրորդ համարն էր։
Համայնքապետի պաշտոնում առաջադրվել էր երեք թեկնածու՝ «Արժանապատիվ սերունդ» դաշինքից՝ Արթուր Սաֆարյանը, իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից՝ Վահրամ Սուքիասյանը եւ «Զորավոր համայնք» դաշինքից՝ Աստղիկ Հակոբյանը։
Քվեարկության արդյունքում Բերդ համայնքի ղեկավարի պաշտոնում ընտրվեց Աստղիկ Հակոբյանը։ Նա ստացել է 11 ձայն, ՔՊ–ից Վահրամ Սուքիասյանը՝ 8 ձայն եւ «Արժանապատիվ սերունդ» դաշինքից՝ Արթուր Սաֆարյանը՝ 2 ձայն։
Նշենք, որ 11 ամսվա կալանքից հետո, դատարանի որոշմամբ՝ 6 միլիոն դրամ գրավի դիմաց հոկտեմբերի 7-ին Բերդ համայնքի ընտրված ղեկավար Հարություն Մանուչարյանն ազատ է արձակվել, սակայն 33 օր հետո դարձյալ ձերբակալվել է։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ Գեղամ Մանուկյանը։
Նա, մասնավորապես, գրել է.
«Այս պահին ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանի հետ Բերդ քաղաքում ենք, ուր կայանալու է նորընտիր ավագանու անդրանիկ նիստը: Հայաստանում օկուպացիոն ռեժիմը չհամակերպվելով Բերդում իր պարտության հետ, այսօր հերթական դիվերսիոն «ներթափացումն» է արել սահմանամերձ Տավուշ ու ձերբակալել են համայնքի ղեկավար Հարություն Մանուչարյանին, որ ընկճեն իր թիմակից ավագանու անդամներին»։