Ադրբեջանի կազմում Արցախը չի ունենալու ոչ մի բան, Արցախն առհասարակ վերանալու է, եթե հանկարծ հայտնվեց Ադրբեջանի կազմում, սա շատ պարզ ճշմարտություն է, որն ապացուցվել է պատմությանընթացքում: Բոլորս պետք է սա շատ լավ հասկանանք եւ հանկարծ չխաբնվենք, չմտածենք, որ հակամարտության կարգավորումը հնարավոր է նման տարբերակով: Այս մասին Արցախի Հանրային ՀԸ-ն հետ զրույցում հայտարարել է Արցախի արտգործնախարար Դավիթ Բաբայանը՝ անդրադառնալով Ադրբեջանի նախագահի հերթական սպառնալից հայտարարությանը,որ «Ղարաբաղի հայերը ոչ կարգավիճակ կունենան, ոչ անկախություն, ոչ էլ որևէ արտոնություն»:
Բաբայանի խոսքով՝ Ալիեւը չի էլ թաքցնում,որ Ադրբեջանն է սկսել պատերազմը, ինքն ագրեսոր է ու կոպտորեն խախտել է միջազգային իրավունքը, հանդիսանում է նաեւ ցեղասպան քաղաքականության իրականացնող.
«Մենք, սակայն, տեսնում ենք, որ միջազգային հանրությունը պապանձված է, լուռ է, մենք տեսնում ենք` այն կազմակերպությունները, որոնք պետք է ահազանգեն, նույնպես պապանձված ու լուռ են»,- ասաց Դավիթ Բաբայանը:
Անդրադառնալով Ադրբեջանի նախագահի մեկ այլ հայտարարությանը,թե Արցախի հարցը միայն Ադրբեջանի ներքին խնդիրն է,Արցախի ԱԳ նախարարն ասաց.
«Այն, որ Արցախի հարցը Ադրբեջանի ներքին խնդիրը չէ, դա շատ ակնհայտ է ու պարզ է եւ դրա մասին փաստում են բոլոր միջազգային փաստաթղթերը, այդ թվում նաեւ այդ չարաբաստիկ 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությունը: Բնական է, որ այսպիսի հայտարարություններով Ալիեւը փորձում է տապալել միջազգային կարգավորման գործընթացը, բայց չեմ կարծում, որ դա իրեն կհաջողվի»: