11 ամիս է անցել պատերազմից, մինչ օրս զոհվածների ԴՆԹ նույնականացում են անում, առողջապահության նախարարությունը չի կարողանում համակարգել այդ հարցերը: Այսօր այս մասին ասուլիսում փաստերով հայտնել են զոհվածների ու անհետ կորածների ծնողները:«Որդուս ԴՆԹ-ն համընկել էր, բայց ինձ 20 օր հետո էլ դեռ պետությունից լուր չէին տվել, ի վերջո հարազատ-բարեկամներս են ստիպված ինձ հայտնել: Ու էսպիսի դեպքերը շատ շատ են: Ես մի օրվա մեջ 106 մարմին եմ ուսումնասիրել: Դա ահավոր հոգեվիճակ է, մարդ կարող է խելագարվել:Տվյալները գալիս են, մարդկանց չեն ասում, դեմքով ճանաչելի զոհվածին ԴՆԹ-ով են ճանաչում:
Գոնե այս հարցում մարդկային մոտեցում ցուցաբերեք»,- իր մաշկի վրա զգացածը փոխանցել է լրագրողներին Ստեփանակերտի Ցորի զորամասի Դ-20 հրետանային դիվիզիոնի զոհված զինծառայող Արթուր Ասրյանի հայրը՝ «Արցախի երրորդ պատերազմում զոհված և անհայտ կորած զինծառայողների հարազատների» միության նախագահ Արմեն Ասրյանը:Ասում է՝ ընդհուպ դեմքով ճանաչելի զոհվածների մարմինները թողնում են ամիսներով, հետո՝ ԴՆԹ-ով են ճանաչում: «Բազմիցս խնդրել ենք լուսանկարել դիակները, ուղարկել քննչական, որ Ղարաբաղից մարդիկ չգան մորգերով փնտրեն:
Խնդրել ենք կենտրոններ ստեղծել, մարդիկ գան լուսանկարները տեսնեն, չարեցին, մենք ենք գաղտնի նկարներ միմյանց փոխանցել, ինքնակազմակերպվել ենք՝ ստիպված»,-զայրացած ասել է Արմեն Ասրյանը:Նա պատմեց, որ երեքուկես ամիս էր մնացել, որ որդին ավարտեր ծառայությունը: «Տեսագրություն հայտնվեց, և ես տեսա, որ իմ որդին էլ է զոհվել: Հանդիպումների ժամանակ էլ երեխաները հաստատեցին, որ նա գնացել էր առաջ, կրակում էր ու տեսել են՝ ինչպես է ընկել: Որդուս մարմինը գտել եմ զոհվելուց 50 օր հետո, անճանաչելի էր, ԴՆԹ նույնականացում եղավ»,- ասաց Ա. Ասրյանը: