ՌԴ տրանսպորտի նախկին նախարար Ռոման Ստարովոյտը ինքնասպան է եղել Օդինցովոյում՝ իր անձնական մեքենայում։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի Դաշնության քննչական կոմիտեի պաշտոնական ներկայացուցիչ Սվետլանա Պետրենկոն. գրում է ՏԱՍՍ-ը։
Պետրենկոն հայտնել է, որ նախկին նախարարի մարմինը՝ հրազենային վնասվածքով, հայտնաբերվել է Օդինցովո քաղաքային շրջանում գտնվող մեքենայում։
«Դեպքի վայրում աշխատում են Ռուսաստանի քննչական կոմիտեի Մոսկվայի մարզի գլխավոր քննչական վարչության քննչական մարմինները՝ պարզելու միջադեպի հանգամանքները», – ասաց նա։
Ռուսաստանի քննչական կոմիտեի պաշտոնական ներկայացուցիչը ընդգծել է, որ տեղի ունեցածի հիմնական վարկածը ինքնասպանությունն է։
Ստարովոյտը պաշտոնից ազատվել է նախագահ Պուտինի հրամանագրով, հուլիսի 7-ի առավոտյան։
Պետության ղեկավարի որոշման պատճառը փաստաթղթում նշված չէր։ Ստարովոյտը տրանսպորտի նախարարությունը ղեկավարում էր 2024 թվականի մայիսից։




