Չնայած այս տարվա մայիսին 2023-ի նույն ամսվա համեմատ ՀՀ պետբյուջեում 46.4 միլիարդ ՀՀ դրամ պակաս է եղել՝ բյուջեն հանրագումարում պահպանել է հավասարակշռությունը. հայտնում է Համաշխարհային բանկը:
Այս տարվա ապրիլին՝ 2023-ի նույն ամսվա համեմատ Հայաստանի պետական բյուջեում 47.2 միլիարդ ՀՀ դրամ ավել է եղել: Իսկ գարնան վերջին ամսին՝ նախորդ տարվա մայիսի համեմատ՝ 46.4 միլիարդ ՀՀ դրամ պակաս:
Հարկային եկամուտները մայիսին՝ նախորդ տարվա նույն ամսվա համեմատ ավելացել են ընդամենը 0.8 տոկոսով: Ավելացված արժեքի հարկի և ակցիզային հարկի հավաքագրման ցուցանիշները նախորդ տարվա մայիսի համեմատ կրճատվել են համապատասխանաբար 12.1 և 11.6 տոկոսով, ինչը պայմանավորված է սպառման չափավոր աճով: Իսկ ահա շրջանառության հարկի ու եկամտային հարկի հավաքագրման ցուցանիշներն ավելացել են համապատասխանաբար 25 և 14 տոկոսով, որի շնորհիվ հաջողվել է փոխհատուցել անուղղակի հարկերի կրճատումը:
Ընդհանուր ծախսերը նախորդ տարվա մայիսի համեմատ կրճատվել են 9.7 տոկոսով: Դա պայմանավորված է ընթացիկ ծախսերի 18.4 տոկոսով նվազմամբ: Մինչդեռ, կապիտալ ծախսերը՝ ճանապարհաշինարարության ոլորտին հատկացումների ավելացմամբ պայմանավորված՝ աճել են ավելի քան 2 անգամ:
Այս տարվա հունվար-մայիս ամիսներին բյուջեի ընդհանուր հաշվեկշռում գրանցվել է 64 միլիոն ՀՀ դրամի սահմանային պակասորդ: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում բյուջեում գրանցվել էր 101 միլիարդ ՀՀ դրամի ավելցուկ: