Միջազգային վարկանիշային գործակալությունները, որոնք բացասական կանխատեսումներ են անում Թուրքիայի տնտեսական վիճակի վերաբերյալ, «փորձում են վնասել» երկրին, հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: Ավելի վաղ Fitch-ը և Moody’s-ը վատթարացրել էին Թուրքիայի սուվերեն վարկանիշի կանխատեսումը՝ կապված երկրի վճարային հաշվեկշռի ճգնաժամի հավանականության մեծացման հետ:
«Իր հաջողություններով Թուրքիան պատշաճ պատասխան կտա վարկանիշային գործակալություններին, որոնք փորձում են վնասել մեր երկրին՝ նվազեցնելով ներդրողների վստահությունը: Մեր երկիրը Աֆրիկայի և Հարավային Ամերիկայի թերզարգացած երկրների հետ նույն մակարդակի վրա դնելու փորձերն անընդունելի են», Էրդողանի խոսքերը մեջբերում է «Անադոլու» գործակալությունը:
Թուրքիայի ղեկավարը հավաստիացրել է, որ երկրում գործազուրկների թիվը շուտով կնվազի, իսկ երրորդ եռամսյակի տնտեսական ցուցանիշները կբավարարեն հասարակության սպասելիքները: Էրդողանը նշել է, որ Թուրքիան այն երկրների շարքում է, որոնք ամենաքիչն են տուժել COVID-19 համաճարակից: