Սեպտեմբերի 7-ի երեկոյան Խաչատուր Աբովյանի տուն-թանգարանում տեղի կունենա մեծանուն Լուսավորչի վերջերս վերականգնված արձանի հանրային ցուցադրության արարողությունը: Խ. Աբովյանի ծննդյան 215-ամյակի հոբելյանական տարվա շրջանակում մեկ դար անց «Տաշիր» բարեգործական հիմնադրամի աջակցությամբ հնարավոր է դարձել վերանորոգել Լուսավորչի արձանը և նոր ոգով ու շնչով հանձնել հանրությանը: Խ. Աբովյանի տուն-թանգարանի այգում կներկայացվի արձանի պատմության վավերագրությունը:
Վերջին մի քանի ամիսներին թանգարանում իրագործվել է նաև Աբովենց բացօթյա գրադարանի ստեղծման նախագիծը և այսուհետ այցելուները, պահպանելով սոցիալական հեռավորություն, կարող են ընթերցել գրքեր, վայելել հաճելի գրական-երաժշտական երեկոներ Խաչատուր Աբովյանի հայրական տան այգում: Սեպտեմբերի 7-ին տեղի կունենա Աբովենց այգու գրադարանի հանդիսավոր բացումը: Միջոցառման ընթացքում ելույթ կունենան օպերային արտիստներ Նարինե Անանիկյանը, Դիանա Հարությունյանը և Անդրանիկ Մալխասյանը: Երեկոյի կոնցերտմայստեր՝ Մարգարիտ Սարգսյան: Հաջորդիվ ՝ Նիկոլ Գալանտերյանի ստեղծագործությունների «Հայտնի և անհայտ ռոմանսներ» գրքի շնորհանդեսը: